Խորհրդարանի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ինչի՞ց են դժգոհ կանայք

Դժգոհող մաքրուհիներին իր աշխատասենյակում ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն ինչպես նշեցին կանայք, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ԱԺ մաքրուհիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել` դժգոհելով իրենց առաջարկվող նոր աշխատանքային պայմաններից։ Նրանց խոսքով` նախկինում իրենց ստացած 65–67 հազար դրամ աշխատավարձի փոխարեն, իրենց հիմա առաջարկում են 45 հազար դրամ աշխատավարձ։

Ինչպես Sputnik Արմենիային հետ զրույցում ասացին մաքրուհիները, այս փոփոխությունը կապված է իրենց աշխատանքային պայմանագրերի փոփոխության հետ։ Բանն այն է, որ ԱԺ նոր ղեկավարությունը շենքի մաքրության ապահովման համար պայմանագիր է կնքել մասնավոր «Քլիներս» ընկերության հետ, որը հայտարարված մրցույթում հաղթել է և ապրիլի 1–ից պետք է անցնի պայմանագրային իր պարտավորությունների կատարմանը։

Խորհրդարանի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ինչի՞ց են դժգոհ կանայք

Այս ընկերությունն էլ խորհրդարանի մաքրուհիներին առաջարկել է աշխատանքային նոր պայմանագրեր կնքել իրենց հետ, բայց արդեն նոր պայմաններով։

«Մեզ ասում են դուք օրվա մեջ ընդամենը 2 ժամ եք աշխատում։ Այո, մենք գալիս ենք առավոտյան ժամը 7–ին, մինչև 9–ը ամբողջ շենքի տարածքը մաքրում ենք` աշխատասենյակներով, միջանցքներով, նիստերի դահլիճով։ 2 ժամվա մեջ մի ամբողջ օրվա գործ ենք անում։ Իրենք մեզ ասում են`եթե ուզում եք ավելի շատ վճարվեք, դրանից հետո այլ աշխատանք կարող ենք առաջարկել, կարող եք օրվա ընթացքում այլ տարածք մաքրել»,–մեզ հետ զրույցում ասաց Արմինե անունով ներկայացած մաքրուհին։

Խորհրդարանի մաքրուհիները բողոքի ակցիա են կազմակերպել. ինչի՞ց են դժգոհ կանայք

Նոր գործատուի այս առաջարկը, սակայն, մաքրուհիները չեն ընդունում` պնդելով, որ այդ 2 ժամվա մեջ նման ծավալի աշխատանք կատարելուց հետո ի վիճակի չեն այլ տեղ ևս աշխատել։

Ինչ վերաբերում է ԱԺ ղեկավարությանը, մաքրուհիներից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, պնդեց, որ վերջինները իրենց խաբել են` ի սկզբանե չեն ասել, որ գործատուն և աշխատանքի պայմանները պիտի փոխվեն, իսկ իրենք հայտարարված և անցկացված մրցույթի մասին բավական ուշ են իմացել։ «2 ամիս առաջ մեզ կանչեցին, ասացին` եկեք ծանուցումները ստորագրեք, այն դեպքում, երբ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետը դեռ չէր լրացել»,–ասաց նա։

Աշխատանքային նոր պայմաններից դժգոհ մաքրուհիներին այսօր իր աշխատասենյակում ընդունել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն ինչպես նշեցին մաքրուհիները, նա պարզապես լսել է իրենց խնդիրները, բայց իրավասու չէ օգնելու։ Կանայք հանդիպում են պահանջում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, ով խոստացել է երկուշաբթի ընդունել նրանց։ Եթե այս հանդիպումն էլ ոչինչ չփոխի, ԱԺ մաքրուհիները խոստանում են ԱԺ նիստերի դահլիճի դիմաց նստացույց սկսել։

ԱԺ աշխատակազմից Sputnik Արմենիային խոստացան ավելի ուշ պարզաբանում ներկայացնել։