Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակով զբաղվում են իրավապահները

Նախկին փոխնախարարի նամակում շարադրված փաստերի ուսումնասիրությունը հանձնարարվել է ԱԱԾ–ին ու ՀՔԾ–ին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը` ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղարկել է Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ երկու կառույցներից յուրաքանչյուրն իր իրավասության մասով կուսումնասիրի նամակում շարադրված փաստերը։

«Մենք իրականացնում ենք համապատասխան ստուգողական միջոցառումներ, որոնց մասին դեռևս, ներողություն եմ խնդրում, բայց չեմ կարող բարձրաձայնել»,– ասաց Վանեցյանը` խոստանալով, որ եթե լինեն հիմնավոր փաստեր, դրանց մասին հանրությանը տեղյակ կպահեն։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն օրերս 23 կետից բաղկացած բաց նամակ էր հրապարակել` ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Գաղտնալսող սարքեր Հայաստան չեն ներկրվում. Վանեցյան

Նամակում Շիրխանյանն անդրադարձել էր 1998 -1999 թվականների մի շարք իրադարձությունների։ Նա Քոչարյանին մեղադրել էր արտաքին քաղաքական ձախողումների, պետության միլիարդավոր դրամների ֆինանսական վնասների և Հոկտեմբերի 27-ի գործի քննությունն ավարտին չհասցնելու համար։

Շիրխանյանը պնդել էր, որ 1999թ–ի հոկտեմբերի 27-ին Քոչարյանը դիտավորյալ է ձգձգել հանդիպումն ահաբեկիչների հետ, որպեսզի եթե վիրավոր լինի, փրկելու շանս չմնա: