Նաիրի Հունանյանն ԱԱԾ գործակալ է եղե՞լ. Վանեցյանի մեկնաբանությունը

ԱԱԾ ղեկավարը հայտնեց, որ որոշ տեղեկություններ ունի, բայց հարցերի պատասխանը պետք է տա Հատուկ քննչական ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց հաստատել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ–ում 1999 թ–ին կազմակերպված ահաբեկչության գլխավոր դերակատար Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել։

Օրեր առաջ Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

«Այո՛, ես տեղեկություններ ունեմ, բայց ես ո՛չ կհաստատեմ պարոն Շիրխանյանի խոսքերը, ո՛չ՝ կհերքեմ, գործը վարող մարմին կա՝ Հատուկ քննչական ծառայությունն է, բոլոր հարցերով դիմեք ՀՔԾ-ին»,– ասաց Վանեցյանը։

1999թ-ի հոկտեմբերի 27-ին ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ և սպանեց ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, փոխխոսնակներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանին, պատգամավոր Արմենակ Արմենակյանին, Հենրիխ Աբրահամյանին և Միքայել Քոթանյանին:

Ո՞ւմ թույլտվությամբ է Սերժ Սարգսյանի եղբայրը մեկնել Հայաստանից. պարզաբանում է Վանեցյանը

Ահաբեկիչների նկատմամբ դատական գործը սկսվեց 2001թ.-ի փետրվարին և տևեց մինչև 2003թ.-ի դեկտեմբերը։ Ցմահ բանտարկության դատապարտվեցին խմբի պարագլուխը` Նաիրի Հունանյանը, նրա եղբայրը` Կարեն Հունանյանը, նրանց քեռին` Վռամ Գալստյանը, ինչպես նաև` Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման։ 2010թ.-ի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Ստեփանյանը հանկարծամահ եղավ։ Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին հայրենիքի դավաճանության, ահաբեկչության, հատկապես վտանգավոր պետական հանցագործություններ կատարելու համար։