Միհրան Պողոսյանն առաջարկում է իրեն հարցաքննել տեսակապով. ի՞նչ է պատասխանել ՀՔԾ–ն

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը հրավիրվել է հարցաքննության, սակայն չէր ներկայացել։ Ավելին`նա Հատուկ քննչական ծառայությանն առաջարկել է իրեն հարցաքննել տեսակապի միջոցով, քանի որ գտնվում է արտերկրում:

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Միհրան Պողոսյանն ընտանիքի հետ լքե՞լ է Հայաստանը. «Հայկական ժամանակ»

«Միհրան Պողոսյանի տեսակապի միջոցով հարցաքննելու առաջարկը մերժվել է, քանի որ այդպիսի ընթացակարգ ՀՀ քրեական դատավարությամբ նախատեսված չէ: Վարույթն իրականացնող մարմինը Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել է հարցաքննության՝ առաջարկելով տեղեկացնել ՀՀ վերադառնալու ժամկետների մասին»,- ասաց Օհանջանյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նախկին պատգամավորը հարցաքննության է հրավիրվում վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ 2016թ-ի մայիսին ՀՔԾ-ն հարուցել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով), իսկ 2017 թվականի հունվարի 23-ին ՀՔԾ-ն որոշում կայացրեց Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը վերաբացվել է:

Օֆշորի գործը վերաբացելուց հետո ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձել է կապ հաստատել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի հետ և նրան հարցաքննության հրավիրել: