Երևանում 2 քույրերին վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է

Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Թբիլիսյան խճուղում 2 քույրերին վրաերթի ենթարկած անձը ձերբակալվել է։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ երկու անձի, որոնցից մեկն անչափահաս է, վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Վրաերթ Երևանի կենտրոնում. տուժողը 18–ամյա երիտասարդ է

Նախնական տվյալներով՝ 2019թ. փետրվարի 18-ին, ժամը 19:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քույրերի՝ ծնված 2000 և 2002թթ.՝ նրանց առողջությանն անզգուշությամբ պատճառելով ծանր վնաս:

Պատահարից հետո հիշյալ ավտոմեքենայի վարորդը լքել է դեպքի վայրը: Նույն օրը, ժամը 22:15-ին, վարորդը ներկայացել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 18-ին Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ: 2019թ. մարտի 21-ին «Ռենո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ավտոպատահարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ: