Չինաստանի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելանում է. տեսանյութեր

Հիվանդանոցներում մոտ 640 վիրավոր կա։ Գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն, բայց ավելի վաղ այնտեղ խախտումներ էին գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Չինաստանի Ցզյանսու արևելյան գավառում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 47–ի։ Այս պահին հրդեհը հաջողվել է մարել, բայց փրկարարական գործողությունները շարունակվում են։

Վերջին տվյալների համաձայն` 16 հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստանում 640 մարդ, նրանցից 90–ը ծանր վնասվածքներ ունեն։

​Մոտ չորս հազար մարդ տարհանվել են քիմիական գործարանի տարածքից։

Դադարեցվել են դպրոցների ու մանկապարտեզների պարապմունքները, իշխանությունը ձեռնարկությունների մոտ երեք հազար աշխատակցի ու մոտ հազար բնակչի տարհանել է տարածքից։ Մոտակայքում գտնվող բոլոր ձեռնարկությունների աշխատանքն անորոշ ժամանակով դադարեցվել է։

​Պայթյունի պատճառը պարզ չէ, բայց հայտնի է, որ քիմիական գործարանը 2016 – 2018 թվականների ընթացքում վեց անգամ տուգանվել է խախտումների համար։ Խախտումները կապված են եղել շրջակա միջավայրի պահպանման հետ։ Անցյալ տարի ձեռնարկությունն արտադրական ռիսկերը վերացնելու անհրաժեշտության մասին զգուշացում է ստացել աշխատանքի անվտանգության ապահովման գլխավոր վարչությունից։