Անցումային արդարադատության գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում. «Ժողովուրդ»

Թերթը պարզել է` ով է համակարգելու լայն խմբի ստեղծման աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Հայաստանում անցումային արդարադատության իրականացման գաղափարը կամաց-կամաց միս ու արյուն է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որի կազմում լինելու են ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, նաև ներկայացված է լինելու քաղաքացիական հասարակությունը: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի աղբյուրների` իշխանությունները նախատեսել են նաև հարցի վերաբերյալ լայն հանրային քննարկում անցկացնել, որպեսզի գաղափարը պարզ լինի մարդկանց: Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն անցումային արդարադատության մասին խոսեց վարչապետ ընտրվելուց հետո: Անցումային արդարադատության իրագործման գաղափարի անհրաժեշտությունն այդ օրերին շեշտել էր նաև ՀԱԿ-ը՝ հատուկ հայտարարություն տարածելով այդ մասին:

«Կառավարությունում դրանից հետո ձևավորվել էր աշխատանքային խումբ, որը զբաղվում էր այդ հարցերով, և համակարգումը հիմնականում իրականացնում էր վարչապետի խորհրդական, անցումային արդարադատության փորձագետ Նիկոլայ Բաղդասարյանը: Եվ հիմա լինելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր` Բաղդասարյանն արդեն համակարգելու է լայն խմբի ստեղծման աշխատանքները»,– գրում է թերթը:

Պարբերականը նշում է, որ անցումային արդարադատությունը Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության ընթացքում նոր երևույթ չէ։ Արդարադատության նախկին նախարար, այժմ բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանի դիտարկմամբ՝ անցումային արդարադատության մարմին ստեղծվել է 1990-ականների սկզբին:

Գլխավոր դատախազությունում հիմնվել է «Ռեպրեսիայից տուժած անձանց արդարացնելու և փոխհատուցում տալու հայտերի քննարկման» հանձնաժողովը: Այս կառույցը Պետական անվտանգության կոմիտեից, Ներքին գործերի նախարարությունից և այլ մարմիններից պահանջում էր արխիվային գործերն ու ուսումնասիրության արդյունքներով կազմում եզրակացություն, որն էլ հիմք էր հանդիսանում ԽՍՀՄ տարիներին ապօրինի դատված անձանց արդարացնելու համար: