1999թ.–ի ԱԺ անդամների սպանությունը. ՀՔԾ–ն չի զբաղվում ԱԱԾ-Հունանյան կապերը ստուգելով

Հատուկ քննչական ծառայությունը մեկնաբանել է Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ նրանք զբաղվում են Ազգային անվտանգության ծառայության հետ Նաիրի Հունանյանի կապերը հետաքննելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է պատրաստում միայն 1998թ–ի ընտրությունները կեղծելու դրվագով։ Այդ մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաղորդեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը` մեկնաբանելով Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունը։

Միհրան Պողոսյանն առաջարկում է իրեն հարցաքննել տեսակապով. ի՞նչ է պատասխանել ՀՔԾ–ն

Օրեր առաջ Վահան Շիրխանյանը բաց նամակ էր գրել՝ ուղղված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ նշել էր, որ հոկտեմբերի 27-ից հետո իրեն, Գագիկ Ջհանգիրյանին և Ռոբերտ Քոչարյանին Գորիկ Հակոբյանը ներկայացրել է մի թղթապանակ՝ ԱԱԾ գործակալ Նաիրի Հունանյանի մասին, սակայն հետագայում այդ թղթապանակն անհետացել է:

«Մեզ մոտ նյութեր են նախապատրաստվում նամակում նշված 1998թ. ընտրությունները կեղծելու դրվագով: Ինչ վերաբերում է նամակում նշված մյուս հանգամանքներին, դրանք ՀՔԾ իրավասության շրջանակներում չեն», – նշեց Օհանջանյանը:

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց հաստատել պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հայտարարությունն այն մասին, թե ԱԺ–ում 1999 թ–ին կազմակերպված ահաբեկչության գլխավոր դերակատար Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել։

Նրա խոսքով` հետաքննությամբ զբաղվում է ՀՔԾ–ն, բոլոր հարցերով պետք է դիմել դրան։