Ուշադրության կենտրոնում դարձյալ գրավատներն են. վարչապետը զարմացավ դրանց տոկոսներից

2018թ.-ին հայաստանյան 17 բանկերը 49 միլիարդ հարկ են վճարել,129 գրավատները` 140 մլն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Ես որ մամուլի տեղեկանքները ստանում եմ, այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ընկել է խեղճ ու կրակ լոմբարդների հետևից ու ուզում է փոքր ու միջին բիզնեսը սպանել:

Ինչո՞ւ 60 անգամ. որտե՞ղ են թաքնված գրավատների պետտուրքի ավելացման արմատները

Այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն բանից հետո, երբ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտնեց, որ լոմբարդներում 50, 60 և մինչև 80 տոկոսով գրավադրումներ են ընդունել վարկավորման դիմաց:

«Փաստորեն, երբ որ գյուղացիները 50 տոկոսանոց վարկերի մասին են խոսում, խոսում են ոչ թե բանկերի, այլ լոմբարդների մասին»,- եզրակացրեց Նիկոլ Փաշինյանը:

Արթուր Ջավադյանը նաև հայտնեց, որ 2018թ.-ին հայաստանյան 17 բանկերը 49 միլիարդ հարկ են վճարել,129 լոմբարդները` 140 մլն:

«Դրա համար, երբ որ բոլորը խոսում են, որ լոմբարդները ՓՄՁ-են, մենք դրա հետ այնքան էլ համաձայն չենք»,- ասաց Ջավադյանը:

Հիշեցնենք` կառավարությունը ծրագրում է 60 անգամ ավելացնել լոմբարդների հարկերը` հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծ առաջարկելով: