«Շնորհակալություն, մենք խորհրդի կարիք չունենք». Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է Մամեդյարովին

ԱԳՆ ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը Հայաստանի տնտեսական հեղափոխության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի- Sputnik. Հայաստանի ազգային շահը երկրի զարգացումն է, բարեփոխումների իրականացումը և Արցախի անվտանգության ապահովումը։ Այդ տեսանկյունից Երևանը խորհրդի կարիք չունի։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի` վերջերս կատարած հայտարարությունը։

«Չեմ ուզում իրարանցում ստեղծել». Մամեդյարովը` Մնացականյանի հետ հնարավոր հանդիպման մասին

Մամեդյարովը Interfax.az պարբերականին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր, որ տնտեսական հեղափոխության համար Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

«Մենք նման խորհուրդների կարիքը չունենք, մեր օրակարգում գլխավոր տեղ են զբաղեցնում Հայաստանի զարգացումը, բարեփոխումները և Արցախի անվտանգության ապահովումը», – ասաց Նաղդալյանը։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է հայերի ներուժին, ապա աշխարհն արդեն տեսել է` ինչպիսի ներուժ ունի հայ ժողովուրդը։

«Հայ ժողովուրդը կարող է իրականացնել կառավարության, պետության կողմից իր առջև դրված բոլոր առաջադրանքները», – ասաց Նաղդալյանը։

Նաղդալյանը ընդգծեց, որ հակամարտության լուծումը, ժողովրդավարության հաստատումը կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Ադրբեջանի տնտեսական զարգացման համար։