Կառավարությունն այսօր հավանություն տվեց պաշտոնական տոները մեկով ավելացնելու «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին: Հերթն ԱԺ-ինն է, բայց հաշվի առնելով, որ արագացված ընթացքով արտահերթ ձևավորված խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխական «Իմ քայլը» խմբակցությունն է մեծամասնությունը, իսկ ընդդիմադիր հանդես եկող ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն էլ նույն «գծի մեջ» են, նախագիծը երևի միաձայն էլ կընդունվի:
Ըստ այդմ, նախատեսվում կամ առաջարկվում է, սահմանել «Քաղաքացու օր», որը նշվելու է ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ին, «Քաղաքացու օրը» կնշվի ապրիլի 25-ին:
Ներկայացված նախագծի հիմնավորումներն էլ են խորհրդածելու տեղիք տալիս: Մասնավորապես նշված է, որ այդ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին: Տեղի ունեցող ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները, և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին: Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետի հրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»:
Դե ինչ, մեկ տոն ավել ունենալը լավ է: Մանավանդ, որ շաբաթ օրով է նշվելու, այսինքն՝ հանգստյան օրվան զուգահեռ: Անվանումն, իհարկե, քննարկելու տեղ թողնում է, նաև՝ սրամտելու: Հասկանալի է, որ կառավարության գործունեությանը քննադատաբար վերաբերվող ընդդիմադիր շրջանակներն ու գործիչները անտարբեր ու առանց հեգնական ակնարկների չանցան նոր տոն սահմանելու այս նախաձեռնության կողքով: Դա, իհարկե, արագորեն արտացոլվեց սոցցանցերում: Դե, նախկին իշխանության ներկայացուցիչների մասին էլ չասենք:
Ի՞նչ ասել է «Քաղաքացու օր»: Նորմալ երկրում ամեն օրն էլ քաղաքացու օր է կամ գոնե պետք է այդպես լինի: Իսկ ի՞նչ է, տարվա մնացած ժամանակահատվածը բնակչության ու հարկատուների օրե՞ր են, իսկ ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացո՞ւ: Եվ սրանք դեռ ամենամեղմ ու համեմատաբար անմեղ դիտարկումներն են: Պարզ է նաև, որ այս նոր տոնը միառժամանակ դեռ խոսքուզրույցի թեմա կլինի:
Հետաքրքիր է` իսկ ինչո՞ւ ավելի համարձակ քայլ չանել ու ԱԺ արտահերթ ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ը «Ընտրողի օր» չհռչակել: Կամ ասենք, Հայկ Մարությանի՝ քաղաքապետ դառնալն ինչո՞ւ չնշանավորել «Երևանցու օր» սահմանելով:
Հետաքրքիր է նաև, որ եթե, ենթադրենք, այնպես լինի, որ մի օր էլ գործող վարչապետը կամ որևէ այլ վարչապետ (անձերը մի կողմ թողնենք), հրաժարական տա, էլի՞ լրացուցիչ տոն է սահմանվելու: Ժամանակին, օրինակ, հազարավոր մարդիկ, հայրենակիցներ, ահագին ուրախացել էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, «հայտնի ուժերի ճնշմամբ» հրաժարական տվեց: Բայց ոչ մեկի մտքով չանցավ, որ դա լրացուցիչ տոնական օր հռչակելու առիթ է: Թեպետ, դա էլ մի կողմ:
Հետաքրքիր է նաև, թե ինչպես է նշվելու «Քաղաքացու օրը»: Տրամաբանական է ենթադրել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամփոփի թավշյա հեղափոխությանը հաջորդած ժամանակահատվածում նոր իշխանության գրանցած արդյունքները: Իսկ քաղաքացիներն էլ, երևի տոնական համերգների ու այլ նման կուլտուր-մասսայական միջոցառումների կմասնակցեն: Կարելի է առաջարկել, որ օրինակ, Հանրապետության հրապարակում տոնական համերգն ուղեկցվի շրջակա փողոցների ու պողոտաների փակման (այսպես թե այնպես՝ եթե համերգ լինի, ավտոերթևեկության համար «փակվելու» են) բեմականացված արարողություններով և այլն: Ստեղծագործական մոտեցումներն ու մտահղացումները, կարելի է ասել, անսպառ են: Մանավանդ, որ կրթության նախարարն էլ հայտարարեց, որ նոր տոնը Անկախության տոնից հետո «երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում»:
Տողերիս հեղինակին, որպես ՀՀ արդեն 28 տարվա ստաժ ունեցող քաղաքացու, ճիշտն ասած, մի փոքր այլ բան է հետաքրքիր, այս, ամենայն հավանականությամբ, սահմանվելիք տոնական օրվա հետ կապված: Այն, ինչը դիտարկված նախագծի հիմնավորման մեջ է նշված՝ «…քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջը»:
Կասվի, իհարկե, որ այլևս կոռուպցիա չկա, որ մենաշնորհներն են վերացված, որ օլիգարխներ չկան, ինչպես արդեն քանիցս նշվել է:
Բայց արդյո՞ք Հայաստանն այլևս սուպերվարչապետական կառավարման կառուցվածքով պետություն չէ: Կարծես թե՝ է՛, ավելին, կարծես այդ համակարգն ընդդիմադիր ժամանակ խստորեն քննադատած ներկայիս ղեկավարությունը առանձնապես մեծ ցանկություն չի դրսևորում այն փոփոխելու հարցում: Արդյո՞ք վերջին շրջանում բողոքի ամենատարբեր ցույցերն ու դրսևորումները չեն հուշում, որ «խորքային բարեփոխումները» ոնց որ թե քչություն են անում: Արդյո՞ք Հայաստանում անձի իշխանություն չէ:
Կամ ինչպե՞ս եղավ, օրինակ, որ «կարմիր գծերը» դեռ գծված են: Արագաչափերն էլ շարունակում են արագաչափել: Թե՞ միայն կուտակած տուգանքների ներումն էր ակնկալիքը: Ինչպե՞ս եղավ, որ աղքատությունն առաջ վատ կառավարման հետևանք էր բնորոշվում, իսկ հետո պարզվեց, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է:
Եվ արդյոք մե՞ծ տարբերություն կա վարունգի «թարս աճելու» և «ոչխար պահեք»-ի միջև:
Ու առհասարակ, մեկ տարի առաջ կատարվածի տոնականացո՞ւմն է ավելի հրատապ հարց, թե՞ գործերն են կարևոր ու արդյունքներ ապահովելը: Այնպես գործելը, որ վարչապետը երեք ամիս աշխատավարձ չստացած երկուհարյուրից ավելի մարդկանց բողոքի նամակից դրա մասին անկեղծ զարմանքով չտեղեկանա, երեք նախարար էլ փորձեն բացատրել, թե ինչ է եղել և ինչու է այդպես եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնա, թե մարդիկ ումից պատասխան պահանջեն, որ աշխատավարձ չեն ստացել: Նման կառավարությունն ու ԱԺ-ն տեղով տոն են էլի, որ ամեն օր քաղաքացիների հետ են: