Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի. ԱՄՆ նախագահի կին թեկնածու

Թուլսի Գաբարդը խոսել է Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հակամարտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի անդամ, 2020 թվականին նախատեսված նախագահական ընտրություններում նախագահի դեմոկրատ թեկնածու Թուլսի Գաբարդը հանդես է եկել տեսաուղերձով և խոսել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին:

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի` մարդկության պատմության ամենասոսկալի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար»,-ասել է Գաբարդը:

Գաբարդը 2017թ. այցելել է Հայաստան և Արցախ, այցի ընթացքում հասցրել է հասկանալ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները:

Նահանգապետի ուղերձի շեշտադրումները. Ալաբաման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն պետք է վարի այլ երկրների հետ համագործակցության, այլ ոչ թե առճակատման արտաքին քաղաքականություն:

Գաբարդը խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին և նշել, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում իր միջնորդական դերը, բայց դա չի նշանակում, որ պետք է շարունակել կեղծ հավասարության քաղաքականությունը և ազնվորեն չխոսել, երբ կողմերից որևէ մեկը խախտում է հրադադարը:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ–ի Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով 50 նահանգներից 49-րդը։

 

։