ՌԱԴԻՈ

Գործարար աշխարհը շահագրգռված է Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագրի ստորագրման, բանակցային գործընթացի մանրամասների և համաձայնագրի ընձեռնած հնարավորությունների մասին:
Sputnik

«Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը այս պահին գտնվում է խորհրդարանում, Սահմանադրական  դատարանի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո: Ենթադրվում է, որ լսումները կսկսեն ընթացիկ ամսվա ընթացքում, իսկ անդամ երկրներից երեքը այս պահին արդեն իսկ վավերացրել են համաձայնագիրը»,-ասում է Բաբայանը:

Փոխնախարարի խոսքով` գործարար աշխարհը շահագրգռված է Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի  ժամանակավոր համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ: «Համաձայնագրի կնքման առաջարկությունները հնչել են հենց  գործարար շրջանակներից` հաշվի առնելով իրանական շուկայի հնարավորությունը հայաստանյան գործարարների համար: Այսօր կան բավականին խոչընդոտող հանգամանքներ. ոչ միայն դրույքաչափերն են բարձր, այլև մաքսազերծման գործընթացը բավականաչափ բարդեցված է, ուստի համաձայնագրի դրույթների գործածությունը թույլ կտա հեշտացնել ընթացակարգերը»,–նշում է Բաբայանը:

Նա հիշեցնում է, որ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ մոտ 900 ապրանքատեսակների մասով Հայաստանը ստացել է արտոնյալ ժամանակահատված` 5 տարի, և այս ընթացքում ապրանքներից յուրաքանչյուրի մաքսատուրքը աստիճանաբար ենթարկվել է փոփոխության, այս պահին 750 ապրանքատեսակների մասով արդեն իսկ արձանագրված է մաքսատուրքերի բարձրացում:

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան։