ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայության պետը Դավիթ Սանասարյանը չի ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը և դիմելու է դատարան։ Սանասարյանը լրագրողներին այս մասին հայտնեց կառավարության այսօրվա նիստից հետո։
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 12-ին հրապարակվել էր Պետական վերահսկողական ծառայության պետ Դ. Սանասարյանի նկատմամբ հարուցված վարույթի եզրակացությունը։ Դրանում մասնավորապես ասվում է, որ Երևանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա հրապարակային հայտարարությունները և ֆեյսբուքյան գրառումը կարող են ընկալվել ու մեկնաբանվել որպես «կանխակալ վերաբերմունք» և «ուժի ցուցադրում»։
«Մենք համարում ենք, որ նախ վարույթ չպիտի հարուցվեր, երկրորդ` այն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն»,– ասաց նա։
Անդրադառնալով Արամ Սիմոնյանի հասցեին արած իր արտահայտություններին` Սանասարյանը նշեց, որ նախկինում երբեք պետական պաշտոնյա չի եղել, բնական է, որ որպես ընդդիմադիր գործիչ, ժամանակին իրեն այլ արտահայտություններ է թույլ տվել։
«Եթե անգամ դատարանն էլ որոշի, որ ես էթիկայի խախտում եմ արել, ես անհրաժեշտ հետևություններ կանեմ»,– ասաց նա։
Այդուհանդերձ, Սանասարյանը դրական է համարում, որ Էթիկայի հանձնաժողովը նոր Հայաստանում սկսել է գործել, թեկուզև Արամ Սիմոնյանի շնորհիվ։
Նշենք, որ Էթիկայի հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ Սանասարյանի հայտարարությունները որակելով էթիկայի կանոնների կոպտագույն խախտում։