«Արմաթ» լաբորատորիաների խմբավարներն աշխատավարձ չեն ստանում. նամակ վարչապետին

Որոշվեց հարցը քննարկել վաղը, նախարարական կոմիտեի նիստում ու նաև պարզել` ով է եղել մեղավորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի— Sputnik. Հայաստանում գործող «Արմաթ» լաբորատորիաների 260 խմբավարներ, որոնք ղեկավարում են 350 խմբակ, արդեն 3 ամիս է աշխատավարձ չեն ստանում: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ այդ մասին տեղեկացել է իրեն հասցեագրված նամակից: «Ես ուզում եմ հասկանալ` այսպիսի բան հնարավոր է 21-րդ դարում, որ պետական համակարգի աշխատակիցները 3 ամիս աշխատավարձ չստանան»,- ասաց վարչապետը:

«Արմաթ» լաբորատորիա. Հայաստանում երեկվա դպրոցականները կատարելագործում են ռազմատեխնիկան

Փաշինյանի հարցին պատասխանեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որը հայտնեց, որ մինչ այժմ լաբորատորիաները ֆինանսավորվել են դրամաշնորհային ծրագրերով, իսկ այս տարի որոշվել է ֆինանսավորումը կազմակերպել մրցութային կարգով, ինչին «Արմաթը» դեմ է եղել: Նախարարի խոսքով` ձգձգումների պատճառը լաբորատորիաների հետ կառավարության բանակցություններն են եղել: Նախարարը խոստացավ, որ հարցը կլուծվի նախարարների կոմիտեի հաջորդ շաբաթվա նիստում:

«Եթե պետական բյուջեում այդ փողը կա, ինչո՞ւ մարդիկ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել: Անունը դնենք մրցույթ, թե այլ բան: Կարևորն այն է, որ մարդը չի կարող 3 ամիս աշխատավարձ չստանալ»,- ասաց վարչապետը:

Արայիկ Հարությունյանը նաև պարզաբանեց, որ մրցույթը ռիսկային է, քանի որ, եթե այն «Արմաթ» լաբորատորիաները չշահեն, նրանք կզրկվեն աշխատելու իրավունքից: «Այդ դեպքում, ինչո՞ւ ենք այն ժամանակ այդ որոշումը կայացրել»,- ասաց վարչապետը: Փաշինյանին պատասխանեց Հակոբ Արշակյանը` ասելով. «Այն ժամանակ մանրակրկիտ ու խորը քննարկումներ չեն եղել, նախագիծը հապճեպ է ընդունվել»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չընդունեց իր գործընկերոջ հայտարարությունը` հակադարձելով, որ նախագիծը ոչ միայն քննարկվել է, այլև շրջանառվել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հարցը ներառել հենց այսօրվա նիստի օրակարգում ու որոշում կայացնել: Այս առաջարկը զայրացրեց Փաշինյանին: «Որ էլի չքննարկված որոշում կայացնեն»,- ասաց նա և ավելացրեց. «Ոչ, համաձայն չեմ, քննարկեք նորմալ նախագիծ ներկայացրեք ու այսպիսի դեպք այլևս չկրկնվի: Պլանավորեք, նորմալ որոշում կայացրեք,ոչ թե վերջին պահին ասեք` լավ, որ սենց աղմուկ բարձրացավ, բերեք էն որոշումը ընդունենք»:

Որոշվեց հարցը քննարկել վաղը, նախարարական կոմիտեի նիստում ու նաև պարզել` ով է եղել մեղավորը։