ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik, Նանա Մարտիրոսյան. Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին սովորաբար անվանում են արևի երեխաներ կամ արև–երեխաներ։ Եթե մարդ երբեք չի շփվել նրանց հետ, ապա դժվար է հասկանալ` ինչու։ Իսկ այն մարդկանց համար, ովքեր գեթ մեկ անգամ շփվել են, ընդմիշտ առեղծված կմնա` ինչպես մեկ ավելորդ քրոմոսոմը կարող է դարձնել մարդուն այդքան բարի ու տիեզերական։
Որքան էլ տարօրինակ է, բայց այդ քրոմոսոմը քնքշությամբ է լցնում ոչ միայն երեխաներին, այլև նրանց ծնողներին։ Հենց այդ մասին էի մտածում, երբ նայում էի` ինչպես են նրանք Ազնավուրի հրապարակում օգնում երեխաներին նարգիզներ ու դեղին–կապույտ ժապավենի տեսքով թխվածքներ բաժանել։ Հենց այդպես են որոշել նշել Դաունի համախտանիշի համաշխարհային օրը Երևանում։
Առաջինը նկատեցի վարդագույն սվիտերով մի աղջկա։ Նա մեկնեց ինձ թխվածքաբլիթները և ուղիղ աչքերիս մեջ նայեց։ Նա Գոհարիկն է։ Նա շատ է սիրում լուսանկարվել ու երգել, բայց երազում է բժիշկ դառնալ։ Ասում է, որ լիքը–լիքը ներարկումներ է անելու ու առողջություն պարգևելու։ Նա նաև սիրում է խոհարարական էքսպերիմենտներ անել։
«Նա խառնում է ունեցած բոլոր մթերքները, համեմում է «աղցանը» փշրած շոկոլադով, իսկ նրա հայրն ուտում ու ասում է, որ աղջիկը հիանալի է պատրաստում, ինձանից էլ լավ», – ասում է մայրը` Ալլան և աչքի պոչով հետևում դստերը։
Ինը տարեկան Էլիզայի հայրը նույնպես սիրում է երես տալ դստերը։ Նա կատարում է նրա բոլոր ցանկություններն ու ծանոթացնում է աղջկա սիրելի շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Էլիզիկը, հենց այդպես է անվանում նրան հայրը` Արամը, պարբերաբար այս կամ այն ոլորտի ներկայացուցչի հետ հանդիպելու ցանկություն է հայտնում։ Հայրն օգտագործում է իր բոլոր կապերը, աղջկան գոհացնելու համար։ Նա հանում է հեռախոսն ու ցույց է տալիս Էլիզիկի լուսանկարները հայտնի երգչուհու, դերասանի, հաղորդավարուհու հետ։ Ի դեպ, աղջիկն ինքն էլ է ուզում գրավել հեռուստաէկրանը, ու եթե հաշվի առնենք, թե ինչ սեթևեթանքով է նա պնդում, որ հինգ տարեկան է, թեև իրականում ինն է, ապա դա նրան կհաջողվի։
«Էլիզան ինձ արև ու քնքշանք է նվիրել։ Հիմա մենք գիտենք` ինչ է նշանակում սիրել անշահախնդիր ու շատ–շատ ուժեղ։ Չէ որ նա ամեն օր է մեզ դա սովորեցնում, երբ հոգ է տանում ու խնամում իր մեկ տարեկան քուրիկի մասին», – ասում է հպարտ հայրը։
Մինչ զրուցում ենք Արամի հետ, ինչ–որ մեկը հետևից մոտենում ու ամուր գրկում է ինձ։ Շրջվում եմ ու երկու պոչիկով աղջիկ եմ տեսնում։ Նա ամենաակտիվն էր թխվածք բաժանում ու կտրականապես հրաժարվեց զրուցել ինձ հետ։ Նա Գրետան է։ Նա շարունակում է ինձ գրկած պահել։ Աղջիկը կարծում է, թե վիրավորել է ինձ։ Ես էլ եմ իրեն գրկում, ու նա լայն ժպտում է ինձ։ Մենք բոլորս արդեն ընկերներ ենք ու եթե նա էլի ինչ–որ տեղ ինձ տեսնի, ապա նույնպես ամուր կգրկի, ասում է նրա մայրը` Մանուշակը։
«Նա շատ ջերմ է, զգայուն ու ճկուն։ Կարող է ցանկացած երաժշտության ներքո պարել ու միանգամից զգում է ռիթմը։ Երևի, պարուհի կդառնա, ամեն դեպքում մենք նրա հետ երազում ենք դրա մասին», – ասում է կինն ու վազում ճարպիկ աղջկա հետևից։
Մենակ եմ մնում ու նկատում են հեռախոսով նստած Նոյին ու նրա մորը` Ադամանդին։ Հենց նա էր առաջին արև մարդը, որի հետ ծանոթացել եմ։ Այն ժամանակ նա երգում էր «Ոստան Հայոց» խմբի հետ ու գրավել էր ռիթմի զգացումով ու ջերմ գրկախառնությամբ։ Նա հիմա էլ իր սիրելի խմբի համերգն էր նայում ու դրանով տարված ինձ ուշադրություն չդարձրեց։
Հեռանում էի հրապարակից այդ անչափ բարի բարդկանց հետ հանդիպումից և նրանց ուշադիր ու բարի ծնողներից ոգեշնչված։ Խմբագրություն վերադառնալուց հետո շրջեցի թխվածքաբլիթի տոպրակի պիտակը` մանկական նկարն ավելի ուշադիր նայելու համար, ու հուզվեցի մի պարզ, բայց շատ կարևոր գրությունից. «Մենք ապրում ենք նո՛ւյն արևի տակ»։