Երջանկացել ենք 13 կետով, բայց դեռ այնքա՜ն երջանկանալու տեղ ունենք

Ո՞րն է երջանկության չափիչը: Ու ընդհանրապես, ո՞րն է նախընտրելի. «երջանկությունը փողի մեջ չէ, այլ դրա քանակության» տարբերա՞կը, թե՞ երգչի ասած՝ «երջանկություն, անցիր կողքովս, դու հարատև չես»-ը:
Sputnik

Բանից պարզվում է, այսօր Երջանկության միջազգային օրն է: Ինչպես ասվում է՝  «էս ազիզ» օրով ու առհասարակ, երջանիկ լինեք:

Արդեն երևի մի 7 տարի կլինի, ինչ մարտի 20-ի տոնական օրը ՄԱԿ-ը հրապարակում է «Երջանկության համաշխարհային զեկույցը»: Եվ ահա, ըստ այս համաշխարհային զեկույցի, Հայաստանը 156 երկրների շարքում երջանկության ցուցանիշով 116-րդն է:

Կառավարությունը փորձում է իշխել, բայց չի կառավարում երկիրը. Դավիթ Շահնազարյան

Երջանկության որոշակի ազդակ է հաղորդում այն հանգամանքը, որ մեր երկիրը 13 կետով բարելավել է իր դիրքը նախորդ տարվա զեկույցում նշվածի համեմատ: Կարճ ասած, մեկ տարվա մեջ 13 կետով երջանկացել ենք: Այնպես որ, ինչպես հայտնի ու սիրված ֆիլմում կասվեր՝ էհ, սիրելիս, գյուղխորհուրդի մատյաններից մինչև Միավորված ազգերի կազմակերպության մատյանները ցույց են տալիս, որ Ռևազ Մովսիսյանն ունեցել է 4 սև ոչխար: Ու ըստ այնմ, կարելի է ասել՝ երջանիկ է: Թերևս:

Առհասարակ «Երջանկության համաշխարհային զեկույցը» կազմելիս նկատի են առնվում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տևողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիայի աստիճանը, մի խոսքով՝ պետության կառավարման և բնակչության երջանկության միջև կապը:

Այն, որ Հայաստանի դիրքը «երջանկության գծով մեկ տարվա ընթացքում, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 13 կետով բարելավվել է, չի վրիպել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից, և Facebook-ի իր էջում նա խիստ լակոնիկ գրառում է արել. «Ազատ եւ 13 կետով ավելի երջանիկ»:

Գուցե շատերը շտապեն նայել, թե ո՞րն է ամենից երջանիկ երկիրն ըստ ՄԱԿ-ի, բայց մեզ առաջին հերթին հարևաններն են հետաքրքիր:

Արցախի ընտրություններին միջամտություն չի լինելու. Փաշինյանի ենթատեքստերն ու ուղերձները

Նույն զեկույցի համաձայն, Իրանը (117-րդն է) և Վրաստանը (119-րդ-ը) մեզանից հետ են, չնայած փորձագետները հավասար միավորներ են տվել՝ 4,5: Միգուցե այբբենական կարգով են տեղերը որոշվել: Իսկ այ, արևմտյան ու արևելյան հարևանները առաջ են. Ադրբեջանը 90-րդն է, Թուրքիան 79-րդը: Ռուսաստանն էլ, նշենք, 68-րդ տեղում է: Ըստ զեկույցի, աշխարհի ամենից երջանիկը Ֆինլանդիան է, որին փորձագետներն առավելագույն միավորներն են շնորհել՝ 7,76:

Մեր 4,5 միավորը նկատի ունենալով, կարելի է ասել, որ դեռ այնքա՜ն երջանկանալու տեղ ունենք, որ էլ ասելու չէ: Այո, բայց ֆիննական կառավարության հետ կապված չգիտեմ, թե ինչպես, իսկ Հայաստանի կառավարության ծրագրում երջանկությանը, ավելի ճիշտ՝ երջանիկ քաղաքացի ունենալուն բավականին տեղ է հատկացված: Ծրագրի 4րդ գլուխը հենց այդպես էլ կոչվում է. «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին»: Ու կետ առ կետ, սկսած օրենքի առջև բոլորի հավասարությունից, կրթությունից, սոցիալական աջակցությունից մինչև մշակույթ կառավարության ծրագրում գրված է երջանկության ապահովման նախադրյալների մասին:

Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի. մենք ինչո՞վ ենք զբաղված

Չնայած, երջանկությունը չափելու մոտեցումները, այդ թվում՝ ՄԱԿ-ի զեկույցները հարաբերական են: Կարևորը տրամադրությունն է, հոգեվիճակը, զգացողությունը, օդի ու միջավայրի մաքրությունը: Իհարկե, նաև մշակույթը, այդ թվում՝ հաղորդակցվելու կամ երթևեկելու մշակույթը: Ի վերջո, ինչպես կառավարության ծրագրում է ասված՝ «քաղաքացիների բարեկեցության և երջանկության կարևորագույն գործոն է նրանց մշտական հաղորդակցությունը մշակույթի հետ»:

Հետաքրքիր է, ինչո՞ւ օրինակ, մշակույթի նախարարության փոխարեն հենց երջանկության նախարարություն չձևավորվեց: Չէ՞ որ առնվազն գոնե մեկ երկրի օրինակով նման միջազգային փորձ կա:

Իսկ եթե իմաստասերներին հարցնենք, ապա նրանք, հնարավոր է, պատասխանեն, որ երջանկության հարցն այն չէ, թե ով ինչ ու ինչքան ունի: Երջանկության հարցն այն է, թե ով է կարողանում գոհանալ իր ունեցածով ու հաշտ լինել գոնե ինքն իր հետ: Սա՝ ՄԱԿ-ից ու «Երջանկության համաշխարհային զեկույցից» անկախ: