Ղազախստանը նոր նախագահ ունի. Տոկաևը ստանձնեց պարտականությունները

Գրեթե 30 տարվա ընթացքում Ղազախստանում առաջին անգամ փոխվեց երկրի նախագահը։ Նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևին այս պաշտոնում փոխարինեց Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմարտ Տոկաևը երդվել է ու ասել, որ շարունակելու է Նուրսուլթան Նազարբաևի քաղաքականությունը։ Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը։ Ըստ Սահմանադրության` նա երկիրը կղեկավարի այնքան ժամանակ, մինչև ավարտվի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի լիազորությունների ժամկետը։

Նուրսուլթան Նազարբաևը նախագահի նստավայրից կտեղափոխվի գրադարանի շենք

«Հանդիսավորությամբ երդվում եմ Ղազախստանի ժողովրդին խստորեն հետևել Սահմանադրությանն ու Ղազախստանի Հանրապետության օրենքներին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունը, բարեխղճորեն կատարել Ղազախստանի Հանրապետության նախագահի պարտականությունները», – երդվել է Քասիմ–Ժոմարտ Տոկաևը։

Ինչպես է անցել արարողությունը

Երդմնակալության արարողության մեկնարկի մասին հայտարարել է մաժիլիսի նախագահ Նուրլան Նիգմատուլինը։ Հետո հանդիսավորությամբ բերվել է Ղազախստանի Սահմանադրությունը։ Ծափահարությունների ներքո դահլիճ է մտել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Նրան հոտնկայս են դիմավորել։

Հետո հայտարարվել է Քասիմ–Ժոմարտ Տոկաևի մուտքը։

Երդմնակալությունից հետո Սահմանադրական խորհրդի նախագահ Կյարատ Մամին հայտարարել է, որ լիազորությունները Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից անցնում են Խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմարտ Տոկաևին։

Տոկաևի առաջին ելույթը պետության ղեկավարի պաշտոնում

Քասիմ–Ժոմարտ Տոկաևը առաջին անգամ ելույթ ունեցավ որպես Ղազախստանի նախագահ։

«Ղազախստանի Հանրապետությունն իր բոլոր ձեռքբերումների ու հաջողությունների, իր սրբազան Անկախության համար պարտական է իր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին։ Նա ԽՍՀՄ–ի փլատակների վրա նոր պետություն ստեղծեց ու, չնայած հոռետեսական կանխատեսումներին, հաջողության հասցրեց»։

Ղազախստանը նոր նախագահ ունի. Տոկաևը ստանձնեց պարտականությունները

Ղազախստանի նախագահի հերթական ընտրությունը տեղի կունենա 2020 թվականին։ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19–ին հայտարարել է, որ վայր է դնում իր լիազորությունները։ Նա մնում է անվտանգության խորհրդի ու Nur Otan կուսակցության նախագահ, նաև Սահմանադրական խորհրդի անդամ։