ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դառնալով 50 նահանգներից 49-րդը: Այս մասին տեղեկացնում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Իսկ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) ներկայացրել է նահանգապետ Քեյ Իվիի ուղերձի ֆոտոպատճենը։
Ուղերձում խոսվում է Օսմանյան կայսրությունում և՛ 1.5 մլն հայերի, և՛ ավելի քան 1 մլն հույների, ասորիների և այլ ժողովուրդների ոչնչացման մասին։
1915-30 թվականներին ԱՄՆ–ում ժողովրդական նվիրատվություններով օգնության հիմնադրամ է ստեղծվել։ Այդ տարիներին տուժածների համար այն ժամանակվա ընկալմամբ աննախադեպ գումար էր հավաքվել` 117 մլն դոլար։ Գումարի հանգանակման հարցում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Ալաբամա նահանգի բնակիչները, ընդգծվում է հայտարարության տեքստում։
ԱՄՆ վերջին նահանգը, որը դեռ չի ճանաչել Ցեղասպանությունը, Միսիսիպին է։ ԱՄՆ–ն Ցեղասպանությունը չի ճանաչել նաև համապետական մակարդակով։
Սակայն քաղաքների և նահանգների մակարդակով, ինչպես նաև առանձին կոնգրեսականների ուժերով, ամեն տարի ԱՄՆ–ում հիշատակի տասնյակ միջոցառումներ են անցկացվում։