Ռոբերտն է խնդրել, որ Show Must Go On երգի. տղան ու մայրը հետաքրքիր դրվագներ են պատմում

Հանդիսատեսը դեռ երկար կհիշի հայ տղայի Show Must Go On–ը, սև աչքերն ու բեմական ինքնավստահ կեցվածքը։ 13 տարեկան Ռոբերտ Բագրատյանը ֆուրոր արեց «Ձայնը, երեխաներ» ռուսական շոուի կույր լսումների ժամանակ ու ընդգրկվեց երգչուհի Սվետլանա Լոբոդայի թիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. «Ձայնը.երեխաներ» շոուի մասնակից, 13 տարեկան Ռոբերտ Բագրատյանը միշտ կհիշի իր մարզչի` ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդայի խորհուրդը։ Տղան այս մասին ասաց Sputnik Արմենիային։

Ռոբերտ Բագրատյանը ծնվել է 2006 թվականին Երևանում, ընտանիքում երաժիշտներ չկան։ Մայրն Արցախից է, հայրը` Ծաղկաձորից։ Դոնի Ռոստով տեղափոխվելու որոշումը կայացրել են 2010 թվականին։ Արդեն ինը տարի է` այնտեղ են ապրում։

Կույր լսումների ժամանակ Ռոբերտը բառացիորեն պայթեցրեց դահլիճը` երգելով Queen խմբի Show Must Go On ստեղծագարծությունը, որը բավականին դժվար է երեխայի համար։ Ընդ որում` Ռոբերտ ինքն էր խնդրել շոուի թիմին, որ այդ երգը երգի։

«Սվելանա Սերգեևնան շատ հաճույքով է մեզ հետ շփվում, նրա համար մենք բոլորս իր երեխաներն ենք։ Մենք նրա հետ փորձեր ենք անում, խաղում ենք։ Ժամանակը շատ հետաքրքիր է անցնում, նրանից շատ բան եմ սովորում», – ասաց Ռոբերտը։

Նա նշեց, որ մարզիչը շատ խորհուրդներ է տալիս, բայց կա մի խորհուրդ, որը երբեք չի մոռանա` երբեք չհանձնվել ու ինտուիտիվ կերպով զգալ` երբ պետք է ցույց տաս քեզ, իսկ երբ պետք է երկրորդ պլան գնաս, զգաս, երբ կարելի է ըմբոստանալ ու երբ պետք է պարզապես հանգիստ երգես։

Ռոբերտն է խնդրել, որ Show Must Go On երգի. տղան ու մայրը հետաքրքիր դրվագներ են պատմում

Ռոբերտը մեծ ծրագրեր ունի` ապագայում ուզում է ձայնագրման սեփական ստուդիա բացել, երգեր գրել, ալբոմ ստեղծել ու պրոդյուսեր գտնել։

«7–րդ դասարանում եմ սովորում, սիրածս առարկաս ֆիզիկան է։ Սկզբում դժվար էր տարբեր տեղերում սովորել։ Բայց հետո վարժվեցի։ Դպրոցում բացակայություններիս ըմբռնումով են մոտենում», – խոստովանում է Ռոբերտը։

Սաթենիկ Գևորգյանը հիանալի ելույթ է ունեցել «Ты супер! Суперсезон» շոուի ժամանակ

Ռոբերտի մայրը` Հասմիկ Մանուկյանն էլ խոստովանեց, որ գլխավոր փորձից հետո տղայի ձայնը կտրվել էր։ Վերականգնել են մեկ գիշերվա ընթացքում, այլապես տղան կարող էր ավելի լավ երգել։

«Բեմում նրան մեծ ուժ տվեց հենց Սվետլանա Լոբոդան։ Բեմ դուրս գալուց առաջ նա որոշել էր գնալ այն մարզչի մոտ, որն առաջինը կշրջվի։ Սվետլանա Սերգեևնան առաջինն էր», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մանուկյանը։

Հասմիկն ընդգծեց, որ Ռոբերտը մանկուց սիրել է երաժշտությունը։ Երբ դեռ մի քանի ամսական է եղել, ծնողները պարզել են, որ երբ նա լալիս է, իսկ իրենք այդ ժամանակ երաժշտություն են միացնում, փոքրիկը լռում է և ուշադիր լսում։

Ծնողները հասկացել են, որ տղան երաժշտություն է սիրում, բայց այն ժամանակ չէին կարող անգամ ենթադրել, որ սերն այդքան շատ է։

Տաղանդը նկատել է Ռոբերտի առաջին ուսուցչուհին։ Նրա խորհրդով տղան 8 տարեկանում մասնակցել է «Հուսո աստղ» («Звезда Надежды») էստրադային երգիչների քաղաքային մրցույթին և առաջին տեղը զբաղեցրել։ Հետո այլ մրցույթներ էլ են եղել, բայց «Ձայնը. երեխաներ» շոուն ամենախոշորն է Ռոբերտի կյանքում։

«Նա վաղուց էր երազում մասնակցել «Ձայնը» շոուին։ Ռոբերտը եկավ ու ասաց, որ եթե հենց հիմա հայտ չներկայացնեմ, այլևս ընդհանրապես չի երգի», – ասաց Հասմիկը։

Հայտը ներկայացրին, քասթինգն անցան, հաղթահարեցին նաև «կույր լսումները»։ Հիմա Ռոբերտը պատրաստվում է մենամարտերի փուլին։