ՌԱԴԻՈ

Օրբելյան. «Մեկ կամ մեկուկես ամսից Քոչարյանի գործը կարող է ուղարկվել դատարան»

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է ՄԻԵԴ դիմելու և քննության ընթացքի մասին։
Sputnik

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է դիմել, որպեսզի ցույց տա Հայաստանի քննչական մարմինների, դատարանների ու պաշտոնյաների սխալները։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան

«Որքան էլ մենք խոսում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մասին, մենք պետք է հասկանանք, որ ՄԻԵԴ դիմելու մեր թիվ մեկ նպատակը, ի տարբերություն որոշ այլ գործընկերների, այն չէ, որ գնանք, այնտեղ հաղթենք։ Մենք հույս ունենք, որ ամեն անգամ ՄԻԵԴ դիմելով` մեր պաշտոնատար անձինք, մեր դատարանները, քննչական մարմինները, դատախազությունը կհասկանան, որ իրենք սխալ են գործում ու կշտկեն իրենց սխալները պետության ներսում»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով` Եվրոպական դատարանը չպետք է հանդես գա որպես չորրորդ ատյան։

«Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի տեքստը կա, բայց մեղադրանքը որպես այդպիսին հստակ չէ, հետևաբար գործը պետք է կարճվի»,- համոզված է նա։

Ըստ Օրբելյանի` տվյալ նյութերով, տվյալ մեղադրանքի շրջանակում գործը շարունակելն ապօրինություն է։

«Տրվել է 50 օր գործն ուսումնասիրելու համար, ինչը բավարար չէ։ Բողոքարկել ենք ժամկետը երկարացնելու պահանջով։ Անկախ ամեն ինչից մենք ուսումնասիրում ենք գործը, որը մեկ կամ մեկուկես ամսից կարող է ուղարկվել դատարան», - ասում է նա։

Հիշեցնենք` Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը 76 հատորից է կազմված։