Մարտի 31–ը կտոնվի՞ որպես հեղափոխության օր. պարզաբանում է նախարարը

Պապիկյանի խոսքով` մարտի 31–ը Հայաստանում քաղաքացին որևէ կերպ պետք է իր համար նշի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Չեմ կարծում, որ հեղափոխության թանգարանի հիմնումը շուտափույթ է լինելու։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

Թավշյա հեղափոխության «գունավոր» բնույթը չի հաստատվել. ռուս փորձագետ

Նրա խոսքով` նախ ամեն ինչ պետք է հասունանա հանրության մեջ, և դրա հասունացման համար կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել կամ չձեռնարկել։

«Ինչ վերաբերում է մարտի 31–ին Գյումրու քայլարշավի մեկ տարին պաշտոնապես նշելուն, ապա ասեմ, որ այս պահին որևէ նման որոշում չկա։ Բայց մեկ բան փաստ է` ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացու և հեղափոխության կազմակերպիչներից մեկի, կարևոր է հեղափոխության իրողությունն ու դրա գնահատումը թե՛ մեր օրերում, թե՛ սերունդների համար։ Այո, դրան գնահատական ու որոշակի հանրային վերաբերմունք պետք է տրվի»,–ասաց նախարարը։

Ըստ նրա` մարտի 31–ը Հայաստանում քաղաքացին որևէ կերպ պետք է իր համար նշի` դա կլինի տոնի տեսքով, թե ինքն իր կամքով կտոնի, առաջիկայում որոշելու խնդիր է: «Կարծում եմ, որ հեղափոխության հաղթանակը որևէ օր կարելի է նշել, քանզի աշխարհում ընդունված է, որ նմանատիպ դարակազմիկ իրադարձությունները նշեն։ Այդ օրը կնշվի պետակա՞ն մակարդակով, թե՞ հասարակությունն ինչ-որ կերպ կտոնի`կորոշվի հետագայում»,–ասաց Պապիկյանը:

Նախարարը բացառեց լուրերը, թե ապրիլի 23–ը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, կարող է քաղաքացու օր հռչակվել։