Ինչպես կանդրադառնա Նազարբաևի հրաժարականը հայ–ղազախական հարաբերությունների վրա

Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Ղազախստանի հետ հետագա հարաբերությունների մասին հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի համար Ղազախստանի հետ համագործակցությունը մեծ նշանակություն ունի։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` անդրադառնալով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականին։

«Մենք Ղազախստանի հետ ունենք լայնածավալ ու կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Առաջնային են նաև ՀԱՊԿ ու ԵԱՏՄ հարթակները, ու այս առումով աշխատանքները շարունակվելու են»,- ասաց Նաղդալյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։

Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները:

Ղազախստանը նոր նախագահ ունի. Տոկաևը ստանձնեց պարտականությունները

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում:

Հիշեցնենք` Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19–ին հայտարարել է, որ հրաժարվում է նախագահի լիազորություններից։ Մինչ նոր ղեկավար ընտրելը նախագահի լիազորությունները կստանձնի խորհրդարանի սենատի խոսնակ Քասիմ–Ժոմար Տոկաևը։