Մխչյանի ձկնաբուծարանների վրա տուգանք է դրվել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնինը կատարած ստուգումների արդյունքում խախտումներ է հայտնաբերել Արարատի մարզի 2 խոշոր ձկնաբուծական ընկերություններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին հետ շաղկապված ձկնաբուծական ընկերությունների նկատմամբ տուգանքի որոշումներ են կայացվել։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։

Արարատի մարզում գտնվող «Մխչյան Ֆիշ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումներով ընկերությանը ներկայացվել է շուրջ կես միլիարդ դրամի (585 169 920) փոխհատուցման պահանջ և 200 000 դրամի վարչական տուգանք` շրջակա միջավայրին հասցված վնասի դիմաց։

Նույն մարզում գտնվող «Մերի Ֆիշ» ՍՊԸ-ում բացահայտված խախտումներով նշանակվել է 64 722 240 դրամի փոխհատուցում և 200 000 դրամի վարչական տուգանք։

Ինչպես հայտնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ձկնաբուծարաններում խախտումներ են բացահայտվել 2019 թվականի մարտի 4-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների արդյունքում։

Տեսչության աշխատակիցները պարզել են, որ երկու ձկնաբուծարաններն էլ խախտել են ջրօգտագործման օրենքով սահմանված կարգը և ինքնակամ ու ոչ նպատակային են օգտագործել ջրային ռեսուրսները։

Նշենք, որ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում «Մերի ֆիշ» ընկերությունը պաշտոնապես գրանցված է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի անունով։ «Մխչյան ֆիշ» ընկերության սեփականատիրոջ անունը պետական ռեգիստրում բացակայում է։ Բայց մամուլի բազմաթիվ հրապարակումների համաձայն` 2010թ–ից գործող այս ընկերությունների սեփականատերերը Աբրահամյան ընտանիքի անդամներն են։