ՀՀ ԱԳՆ– ն հետաքրքրվում է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ճակատագրով

Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը խոսել է Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի ապագայի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանը քայլեր է ձեռնարկում Ադրբեջանում պահվող հայ գերու` Կարեն Ղազարյանի վերադարձի համար։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԱԾ–ն երաշխավորում է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու ընտանիքի անվտանգությունը մեզ մոտ

«Մենք հետևողական ձեռնարկելու ենք բոլոր քայլերը, որպեսզի ապահովենք մեր քաղաքացու իրավունքները, ազատությունը և վերադարձը հայրենիք։ Այդ առումով քայլեր ձեռնարկվում են, բայց այս պահին ոչ մի բան չեմ կարող ասել, երբ որ դրանք մտնեն հրապարակային փուլ, բնականաբար, տեղյակ կպահենք» – ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։

Իսկ Հայաստանում Ադրբեջանի երեք քաղաքացի կա։ Էլվին Հիբրագիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում:

Ադրբեջանի ևս երկու քաղաքացի` Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը պատիժ են կրում Արցախում։ Նրանք 2014 թվականին ապօրինի կերպով հատել էին սահմանն ու Արցախում մի շարք սպանություններ իրագործել։