«Հայինկասացիայից» խոշոր գումարն անհետացել է վարորդի ձեռքով. նոր մանրամասներ

Մեր տեղեկություններով` տղամարդը հաճախ է բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Գյումրիում խոշոր գողության  հեղինակն, ամենայն հավանականությամբ, «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցն է, ավելի կոնկրետ՝ գումարը տեղափոխող մեքենայի վարորդը: Կասկածյալը Գյումրու բնակիչ է:

Հովհանավանքի գողության մանրամասները. մոմերի դարակում չնչին գումար է եղել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարտի 19-ին  «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցները Գյումրու «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի «Շիրակ» մասնաճյուղ են տեղափոխել 20.000 դոլար գումար: Փողը եղել է պարկի մեջ, պարկն էլ՝ կնիքված: Այն հանձնվել է «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկին: Աշխատակիցը նկատել է, որ կնիքն ու պարկի կապիչները վնասված են: Պարկը բացելուց հետո պարզվել է, որ պարկում փող չկա: 20.000 դոլարը գողացած անձը փոխարենը պարկում էր դրել «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ:

Իրավապահները պարզել են, որ գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկրետ՝ տվյալ մեքենայի վարորդը: Բացի նրանից մեքենայում եղել են նաև ընկերության երկու աշխատակիցներ: Վերջիններս են բանկերից գումարները տեղափոխում մեքենա, իսկ վարորդը սպասում է մեքենայի սրահում: Ենթադրվում է, որ սպասելու ընթացքում, երբ վարորդը մեքենայում մենակ է եղել, պարկից վերցրել է փողը՝ տեղը դնելով պիտակների կապոցները՝ տպավորություն ստեղծելով, որ պարկում գումար կա:

Sputnik Արմենիայի տեղեկություններով` դեպքի օրը՝ մարտի 19-ին, վարորդն աշխատավայրից շուտ է տուն գնացել՝ պատճառաբանելով, որ երեխաներից մեկն իրեն վատ է զգում և ինքը շտապ պետք է տուն գնա: Հաջորդ օրն էլ աշխատանքի չի ներկայացել: Պարզվել է, որ աշխատանքից շուտ դուրս գալու օրը նա տուն գնացել է, սակայն գիշերը հեռացել է տնից: Այժմ Գյումրու ոստիկանները որոնում են նրան:

Մեր տեղեկություններով՝ կասկածյալը հաճախ է բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարում։ Չի բացառվում, որ նա այդ քայլին է դիմել պարտքերը մարելու համար: