«Հայինկասացիայի» տեղափոխած փողն անհետացել է Գյումրիում. քրեական գործ է հարուցվել

Ինկասատորները գումարը Երևանից տարել են Գյումրի, չեն հասցրել նույն օրը հանձնել բանկ, իսկ հաջորդ օրը պարզել են, որ գումարը չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Մարտի 18-ի լույս 19–ի գիշերը Գյումրիում տարօրինակ դեպք է տեղի ունեցել, որն այսօր արդեն քրեական գործի հարուցման հիմք է դարձել։

Երևանի կենտրոնում սպանված երիտասարդի ինքնությունը պարզվել է. լուսանկարներ

Sputnik Արմենիայի տեղեկություններով` մարտի 18-ին «Հայինկասացիա» ՓԲԸ–ի աշխատակիցները Երևանի ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից ստացել են գումար` նույն բանկի Գյումրու մասնաճյուղ տեղափոխելու համար։

Բայց մինչ ինկասատորները հասել են Գյումրի, աշխատանքային օրն ավարտվել է, ու նրանք չեն հասցրել գումարը հանձնել բանկին, ուստի ի պահ են հանձնել «Հայինկասացիայի» Գյումրիի մասնաճյուղին։

Հաջորդ օրը` մարտի 19-ին, ստացել են գումարը, տեղափոխել բանկ։ Բանկում բացել են պարկը և փողի փոխարեն «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ են հայտնաբերել։

Sputnik Արմենիայի այս տեղեկությունները հաստատեցին նաև ՀՀ Քննչական կոմիտեում` հայտնելով, որ դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգքրի 177-րդ հոդվածի 3 մասի 1-ին կետով, այն է` առանձնապես խոշոր չափերի գողություն։

«Կատարվում են անհետաձգելի քննչական-օպերատիվ հետախուզական միջոցառումներ, դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ գողություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։

Այս դեպքին անդրադարձել է նաև shamshyan.com կայքը, որի տեղեկություններով` հափշտակված գումարը շուրջ 20 հազար ԱՄՆ դոլար է եղել։