Հայաստանն ու Արցախն անհրաժեշտության դեպքում կպատասխանեն, թող որևէ մեկը չկասկածի. ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունն արձագանքել է Ադրբեջանում անցկացված լայնածավալ զորավարժություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Անհրաժեշտության դեպքում Արցախն ու Հայաստանն ունեն պաշտպանվելու և հակահարված հասցնելու վճռականություն ու կարողություն: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` մեկնաբանելով ադրբեջանական բանակի լայնածավալ զորավարժությունները։

«Ե՛վ Արցախը, և՛ Հայաստանը ունեն վճռականություն ու կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»,- նշեց նա:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է, քանի որ կազմակերպությանն այդ մասին չեն ծանուցել։ Դա դեմ է միջազգային պարտավորվածություններին ու որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:

«ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է և համապատասխան բացատրություն պահանջել Ադրբեջանից»,- ասաց Նաղդալյանը:

Մարտի 11–ին Ադրբեջանը խոշոր զորավարժություն է սկսել, որին մասնակցել են մոտ 10 հազար զինծառայող ու մեծաքանակ տեխնիկա։