Հայ երաժիշտներն ու հարկերը. մի քանի խորհուրդ օտարերկրյա «բոմժերից»

Հայ «անկախ» արտիստն ինչո՞վ է տարբերվում իր օտարերկրյա «եղբորից»։ Ինչո՞ւ է հայ երաժիշտների համար հարկեր վճարելն «այդքան ցավալի», իսկ նրա օտարերկրյա «եղբոր» համար` ոչ։ Օրերս Երևանում տեղի ունեցած մի հետաքրքիր միջոցառումից հետո Sputnik Արմենիան 5 խորհուրդ է առանձնացրել մեր երաժիշտների համար։
Sputnik

Գեորգի Մուրադյան, Sputnik Արմենիա

Քանի դեռ հայ երաժիշտներ ոչ միանշանակ արձագանք են տալիս հարկ վճարելու կոչերին, նշանակում է` մեր երկրի երաժշտական ոլորտը դեռ ստեղծագործական ինքնագործունեության մակարդակում է։

«Շոու բիզնեսի բոյկոտն անհասկանալի է և անընդունելի». Մարիամ Մանուկյան

Հետխորհրդային երկրների սահմանների այն կողմ նման երաժիշտներին կոչում են «անկախ արտիստներ», բայց նրանց կարելի է «անկախ» անվանել մեծ վերապահությամբ։

Օրինակ` ԱՄՆ–ի որոշ նահանգներում և Մեծ Բրիտանիայում առանց որևէ միջնորդների հարկ են վճարում միայն փողոցային երաժիշտները, դա կոչվում է բասքինգ, և պետությունը ստանում է նման երաժիշտների եկամուտների մինչև 20%–ը։

Սակայն անկախ արտիստների մեծ մասը, որոնք անցել են փողոցային ելույթներից մինչև համերգային բեմ տանող ճանապարհը, հարկային համակարգի հետ որևէ կերպ չեն առնչվում։ Նրանց փոխարեն դա անում են նույնքան անկախ (խոշոր մեդիահոլդինգների մեջ չմտնող) լեյբլների պրոդյուսերները/մենեջերները։

Գերմանիայում հյուրախաղերով հանդես եկող ցանկացած արտիստ պետությանը վճարում է իր եկամտի 7%–ը, բայց այս դեպքում էլ արտիստները դա չեն զգում իրենց վրա, քանի որ նրանց գործերով զբաղվում են լեյբլները։ Այստեղից էլ բխում է որոշ հայ երաժիշտների պատրանքները, թե երաժշտությունն առանձնահատուկ, սուրբ ոլորտ է, որը դուրս է հարկային համակարգից, և պետությունն ինքը պետք է վճարի երաժիշտներին, քանի որ իրենք քրտնաջան աշխատում ու կոկորդ են պատռում։

Հարց է ծագում. սակավաթիվ բնակչություն ունեցող փոքր երկիրն ինչպե՞ս պիտի ստեղծի մի համակարգ, որ երաժիշտները կկարողանան իրենց համեմատաբար ազատ զգալ և կենտրոնացած լինել բացառապես իրենց արվեստի վրա։ Փորձը ցույց է տալիս, որ դրա համար, նախևառաջ, այդ համակարգը պետք է որոշ չափով հենվի արտասահմանյան երկրների վրա, քանի որ անհնար է տարեկան 5 անգամ շրջագայել ամբողջ Հայաստանում և պահանջված մնալ։

Թաթան համազգային է, բայց պիտի վճարի. ՊԵԿ նախագահ

Վերջերս Երևանում տեղի ունեցավ «Netflix–ի անդերգրաունդ» է համարվող Boiler Room առցանց երաժշտական հարթակի workshop–ը։ Գոյության 9 տարվա ընթացքում հարթակը կարողացել է «արձանագրել» հենց այն դեպքերը, երբ փոքր երկրներին հաջողվել է դուրս գալ լոկալ լսարանի շրջանակից։ Workshop–ի արդյունքում մենք 5 խորհուրդ առանձնացրինք, որոնք հարթակի հիմնադիրների կարծիքով` կօգնեն, որ հայկական երաժշտությունը պահանջարկ ունենա նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։

Կարևոր է ոչ թե ունկնդիրների քանակը, այլ որակը

Boiler Room–ի տնօրեն և հիմնադիր Միխայիլ Ստանգլի խոսքով` ի սկզբանե երաժշտությունը, որը նա խթանում էր Բեռլինում ամենևին էլ հանրահայտ չէր Գերմանիայում, սակայն լինելով բրիտանական էլեկտրոնային երաժշտության վառ երկրպագու` նա նպատակ դրեց տարածել այն նաև գերմանական լսարանի համար։ Boiler Room–ի գոյության առաջին օրերին նրանց երեկույթներին մոտավորապես 30 հյուր էր գալիս, իսկ առցանց հեռարձակումներին հետևում էին 15 մարդ։ Սակայն և՛ հյուրերը, և՛ հանդիսատեսը, սոցցանցերում առաջատար կարծիք հայտնող լինելով, արագ տարածում էին միջոցառումների մասին նորությունները։ Այսօր հարթակի պաշտոնական կայքը ամսական մոտ 280 մլն այցելու ունի, սակայն անկախ դրանից, Boiler Room–ի թիմը առաջին հերթին առաջնորդվում է սիրահարների նեղ շրջանակով, որոնք երաժշտական ոլորտում կարծիք են թելադրում։

Շոու բիզնեսի ներկայացուցիչների «երգը դառնացել» է, բայց հարկայինի ղեկավարն անկոտրում է

Ունկնդիրներին տեղեկացրեք ձեր արմատների մասին

«Եթե դուք աշխատում եք այնպիսի ժանրի հետ, ինչպիսին է, օրինակ, տեխնոն է կամ փոփ–ռոքը, ապա մեծ է հավանականությունը, որ ամբողջ աշխարհում դեռ մեկ միլիոն մարդ կա, որոնք նույն բանն են անում, բայց ավելի լավ», – կարծում է Ստանգլը։ Միտումները ցույց են տալիս, որ հենց փոքր լոկալ երաժշտական երևույթներն են այսօր առավել հետաքրքիր ունկնդրին, լինի դա տանզանական ժանրի արագ և դժվար ռիթմ, թե տեղական էթնիկ երաժշտության տարրերով պաղեստինյան հիփ–հոփ։

Աշխարհահռչակ պրոդյուսեր Ռիք Ռուբինը, որն առաջիններից մեկն է նկատել System Of A Down–ի արվեստը, պատմում է, որ առաջին անգամ ծանոթանալով նրանց արվեստին Լոս Անջելեսի փոքր ակումբում նրանց ելույթի ժամանակ, ապշել և հիացել է Թանկյանի խմբի արտասովոր ժողովրդական մոտիվներով, ռիթմերով և պարերով։

Պատմությունը ցույց տվեց, որ ֆոլքի և ծանր երաժշտության այդ խառնուրդը նման ազդեցություն է թողել ոչ միայն Ռիքի վրա. SOAD–ի բոլոր ալբոմներն առանց բացառության պլատինային են դարձել։

Բացահայտեք միջավայրն ու կոնտեքստը, որում ստեղծվում է երաժշտությունը

Նույնիսկ եթե ձեզ չի հետաքրքրում էթնիկ երաժշտության հետ աշխատելը, դրսի ունկնդիրների համար ամեն դեպքում հետաքրքիր է, թե ինչ է կատարվում այն միջավայրում, որում ապրում է երաժիշտը։ Ինչպիսին է աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում, ինչ դժվարությունների է հանդիպում երիտասարդությունը, ինչով կարող է պարծենալ տեղի մշակույթը. այս ամենը հետաքրքիր է ունկնդրին։ Որոշակի առումով այս ամենը կարող է նույնիսկ երաժշտության մեջ չլինել, այլ միայն կողմնակի ձևով արտահայտվել երաժիշտի գործունեության մեջ, նրա հարցազրույցներում, ակցիաներում, որոնք նա կազմակերպում է կամ որոնց մասնակցում է անձամբ։

Վճարիր հարկերը և հանգիստ երգիր. հարկայինը սպառնացել է էստրադայի աստղերին

Դա աշխատում է նաև հակառակ ուղղությամբ, արտիստները կարող են խոսել աշխարհաքաղաքական այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին ղարաբաղյան հարցն է, որը կարող է չափազանց բարդ ու խճճված թվալ կոռեկտ տեղեկության պակասի պատճառով։

Պետք չէ անմիջապես ձգտել գրավել արտասահմանյան շուկան

Երաժիշտներից շատերը հենց սկզբից ստեղծում են այնպիսի մի բան, որը կողմնորոշված է Արևմուտքի ուղղությամբ։ Հաճախ այդ փորձերը տեսանելի արդյունք չեն տալիս, քանի որ ոչ մի PR թիմ չի կարող համեմատվել այն արմատային ֆան–բազայի հետ, որը ձևավորվում է անմիջապես արտիստի հայրենիքում։

Միխայիլ Ստանգլի խոսքով` պետք է հակառակն անել` փորձել հնարավորինս հաճախ հայտնվել տեղական մամուլում, մասնակցել տեղի փառատոներին և ելույթ ունենալ տեղական, թեկուզ փոքր լսարանի համար։ Եվ նույնիսկ քո երկրի մակարդակով ճանաչում ունենալուց հետո, ըստ Boiler Room–ի տնօրենի, սխալ է միանգամից փորձել դուրս գալ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի կամ ԱՄՆ–ի շուկաներ։ Առավել արդյունավետ կլինի, եթե հայ երաժիշտները սկսեն խթանել իրենց արտադրանքը, ասենք, Վրաստանում կամ Իրանում։ Սա բացատրվում է նրանով, որ Ինտերնետի դարաշրջանում ձեզ առանց այդ էլ վաղ թե ուշ կնկատեն ձեր տարածաշրջանի սահմաններից դուրս, սակայն կենդանի լսարանի հետ շփում ունենալը, որը արտիստներին աջակցում է օֆլայն ռեժիմում, այսօր ավելի կարևոր է, քանի որ Boiler Room թիմի կարծիքով, մեր օրերում լայքերի, դիտումների և բաժանորդագրվելու արդիականությունը կտրուկ անկում է ապրում` իր տեղը զիջելով կենդանի բանավեճերին, մեկնաբանություններին և քննարկումներին։

Փորձարկումներ արեք

Այստեղ, ինչպես և էթնիկ տարրերի դեպքում, կարևորը նորարարության գործոնն է։ Հայտնի ժանրերի և ֆոլք–երաժշտության համադրությունը միայն լայն դաշտ է բացում փորձարկումներ անելու համար։ Եվ որքան նոր և արտասովոր հնչի վերջնական պրոդուկտը, այնքան ավելի հետաքրքիր կլինի արտասահմանյան ունկնդրի համար, որը մշտապես որևէ նոր բան է փնտրում փոփ երաժշտության գերհագեցած շուկայում։

Ինքնահայտարարագրվեք, քանի ուշ չէ. ՊԵԿ–ը զգուշացնում է շոուբիզնեսի ներկայացուցիչներին

Այսպիսով, ցանկացած ստեղծագործական գործընթաց կարելի է հեշտությամբ դուրս բերել արդյունավետ հունից կողմնակի գործոններով։

Արդյո՞ք կողմնակի գործոն կարելի է համարել հարկերի վճարումը։ Եթե մարդը ստեղծագործական գործունեությամբ է զբաղվում, ապա պետք է քաղաքացիական ինքնագիտակցություն էլ ունենա։ Դրա շնորհիվ նա կարող է հստակ հասկանալ, թե ինչու և ում համար է հարկ վճարում։

Վերլուծելով սա` մարդն ազատ է իր որոշման մեջ` մտնե՞լ իրավական դաշտ, թե՞ հրաժարվել դրանից իր որևէ խորը համոզմունքների պատճառով։

Նման մտորումների շնորհիվ ժամանակին առաջացել է փանք–ռոք ժանրը, որը մեծ ազդեցություն է ունեցել Արևմտյան մշակույթի վրա։ Դժվար է պատկերացնել, որ այն երաժշտությունը, որն այսօր հնչում է հարսանիքների և կորպորատիվներ ժամանակ ու անխոս գերակշռում է ժամանակակից Հայաստանում, կարող է մի օր ստեղծել մի բան, որը թեկուզ հեռավոր կերպով փանք-մշակույթ կհիշեցնի։

Այդ մշակույթը պարփակված է ինքն իր մեջ, դրա ավանդույթներն արհեստական են. ո՛չ Boiler Room–ը, ո՛չ որևէ այլ հարթակ չեն կարող դրա մասին վավերագրական ֆիլմեր նկարահանել կամ ստեղծողներին հրավիրել իրենց հարթակներում ելույթ ունենալու, որպեսզի աշխարհին ներկայացնեն այն նորարարությունները, որոնք նրանք բերում են համաշխարհային երաժշտական աշխարհ։

Անդերգրաունդային երաժշտության անկում, թե՞ հեղափոխությունից հետո մեզ ռոք պետք չէ

Այս երաժշտությունը չի կարող հիմք դառնալ այն բանի, որը հետագայում հայկական երաժշտական ինդուստրիա կդառնա, այն չի կարող կիրառել վերոնշյալ 5 խորհուրդներից ոչ մեկը և միևնույն ժամանակ պահպանել իր էության գոնե փոքր մասը։

Անգլիայում փողոցային երաժիշտները բրիտանական երաժշտության կարևոր մասն են կազմում, փանքի ծաղկումից հետո անգլիացիները դադարեցին փողոցային երաժիշտներին ասոցացնել մուրացկանների հետ։ Բասքինգի համար արտոնագիր ներդնելու փաստը ցույց է տալիս, որ մարդիկ դրանով ապրուստի միջոց են վաստակում, և դա ավելի շուտ ընտրություն է, քան հարկադրված միջոց։

Գուցե Հայաստանի կառավարությունը կարողանա մի գնդակով երկու նապաստակ խփել, եթե բասքինգի պես արտոնագրերի համակարգ մտցնի,սակայն մշակութային առանձնահատկությունները հաշվի առնելով` պարտադրի հարկ վճարել ոչ թե փողոցում ելույթ ունենալու համար, այլ փակ միջոցառումներին, որոնցում ապրում ու բարգավաճում է այսօրվա հայկական երաժշտության 90%–ը։

Հ.Գ. Boiler Room–ը համարվում է անդերգրաունդային երաժշտության հանրահռչակման համաշխարհային խոշորագույն հարթակներից մեկը, բազմաթիվ անհայտ արտիստներ հաճախ հարթակում ելույթ ունենալուց անմիջապես հետո պայմանագրեր են կնքում ամբողջ աշխարհի խոշորագույն երաժշտական լեյբլների հետ։

Workshop- ց հետո` մարտի 9-ին, Երևանի ակումբներից մեկում կայացավ Boiler Room–ի կազմակերպած հայ էլեկտրոնային երաժիշտների ելույթը։