Գազավորված ըմպելիք արտադրողներն ու կառավարության ներկայացուցիչները ինչ-որ որոշման են եկել

Գազավորված ըմպելիք արտադրողներն ու կառավարության ներկայացուցիչները ժամանակավորապես համաձայնության են եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Գազավորված ըմպելիք արտադրող ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայ կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանը։ Նա նշեց, որ երեկ կայացած հանդիպմանը, բացի իրենից, ներկա են գտնվել «Ջուսինադ», «Մարի», «Թամադա կոլա» ընկերության ներկայացուցիչներ։

Հովսեփյանի խոսքով` հանդիպմանը ներկա են եղել նաև առողջապահության, տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների նախարարները, ինչպես նաև ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Երևանում կրկին հնչում է «դըմփ–դըմփ– հու»–ն. արտադրողները բողոքի ակցիա են կազմակերպել

«Ես բոլորին պարզ ու շիտակ բացատրեցի, որ ֆինանսների նախարարության առաջարկած փոփոխությունը, այն է` 5 տոկոսով ավելացնել գազավորված ըմպելիքների 1 լիտրի համար կիրառվող ակցիզային հարկը, եթե կյանքի կոչվի, մեր գործարանն ուղղակի փակման եզրին կհայտնվի։ Հանդիպմանը ներկա առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ ներկայացրեց, որ իրենք ուսումնասիրություն են իրականացրել, որի արդյունքները փաստում են, որ ասպարտամը որպես անվտանգ սնունդ է բնորոշվել»,–ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքով` փոխվարչապետը նշել է, որ իրենք ևս մեկ անգամ քննարկում կկազմակերպեն ու օրենսդրական փոփոխությունների փաթեթի մանրամասները կքննարկեն, որից հետո ևս մեկ անգամ կհանդիպեն գազավորված ըմպելիք արտադրողների հետ։

«Մհեր Գրիգորյանը մեզ խոստացավ, որ մինչև հարցը մեզ հետ ևս մեկ անգամ չքննարկեն, օրենքի նախագիծն Ազգային ժողով չեն ուղարկի։ Մենք վաղը բողոքի ակցիա չենք իրականացնի ու ժամանակավորապես կդադարեցնենք այն` մինչև խնդիրը վերլուծեն ու մեզ նորից քննարկման կանչեն»,–ասաց Հովսեփյանը։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել երեկ կայացած հանդիպմանն ու նման հայտարարություն արել։ «Այո, նախարարն ասել է, որ թույլատրելի չափերով ասպարտամի կիրառումը վտանգավոր չէ»,–ասաց Նիկողոսյանը։

Նշենք, որ ասպարտամը շաքարի փոխարինիչներից մեկն է, որը շաքարից 200 անգամ քաղցր է և փաստացի ոչ մի կալորիա չի պարունակում, ինչի շնորհիվ մթերքները, որոնց մեջ այն օգտագործվում է, ցածր կալորիականություն են ունենում:

Հիշեցնենք` Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով առաջարկվում է կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։