Տնից դուրս էր եկել խանութ գնալու. նոր մանրամասներ Դեբեդում խեղդված աղջկա պատմությունից

Ջրատարը, որում հայտնաբերվել է աղջկա դին սկիզբ է առնում Դեբետ գետից և, անցնելով Շնող գյուղի մոտով, սնուցում է հիդրոլէլեկտրակայանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ջրատարում հայտնաբերված 18-ամյա աղջիկն ապրում էր Լոռու մարզի Շնող գյուղում:

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքից։

Հիշեցնենք, որ այսօր` մարտի 20–ին ժամը 15:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Քարկոփ համայնքի մոտակայքում՝ Դեբեդ գետում, դի է հայտնաբերվել. անհարժեշտ է օգնություն:

«Հայինկասացիայից» խոշոր գումարն անհետացել է վարորդի ձեռքով. նոր մանրամասներ

Փրկարարները Քարկոփ գյուղի մոտակայքում գտնող ՀԷԿ-ի ջրարգելակի մոտից դուրս են բերել 2000թ.–ին ծնված Մարիամ Անանյանի դին:

Մարիամ Անանյանը սովորում էր Շնողի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում: Մեզ հասած տեղեկություններով` այսօր դպրոց չէր գնացել: Տնից դուրս էր եկել խանութ գնալու և չէր վերադարձել: Նա ապրում էր ծնողների հետ:

Երբ Մարիամն ուշացել էր, ծնողներն անհանգստացել էին և դիմել գյուղում ապրող բարեկամներին՝ հույսով, որ Մարիամը նրանց տանը կլինի: Փնտրել էին գյուղում, բայց չէին գտել: Ժամը 15-ի սահմաններում Սալէներգո ընկերության աշխատակիցներից մեկը նկատել է, որ հիդրոէլեկտրակայանի գլխավոր հանգույցի ճաղաշարերի արանքում դի կա: Անմիջապես տեղեկացրել է տարածքը սպասարկող ոստիկանին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները հանել են դին և պարզվել է, որ մահացածը Մարիամ Անանյանն է:

Մեր տեղեկություններով՝ մարմնին վրա բռնության հետքեր չեն եղել: Ջրատարը, որում հայտնաբերվել է աղջկա դին սկիզբ է առնում Դեբետ գետից և, անցնելով Շնող գյուղի մոտով, սնուցում է հիդրոլէլեկտրակայանը: Այսինքն` Մարիամ Անանյանը գյուղի տարածքից բավականին հեռացել է: