Վերահսկողական ծառայությունը Ռանչպար չի հասել. գյուղապետը վստահ է` գնան էլ, ոչինչ չեն գտնի

ՀՀ վարչապետը Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել Ռանչպար գյուղի ավազահանք և ստուգումներ կատարել։ Հանքի սեփականատեր, Ռանչպարի գյուղապետ Օհանյանը համոզված է, որ իրենց մոտ ոչ մի խախտում չեն գտնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունը Ալիկ Սարգսյանի ու նրա խնամու ավազահանք դեռ չեն այցելել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց հանքի համասեփականատեր, Արարատի Ռանչպար գյուղի գյուղապետ Մանուկ Օհանյանը։

«Ավազահանքն ունի օրենքով ստացած լիցենզիա։ Տարիներով աշխատել է առանց որևէ խախտման, բոլոր հարկերը մաքուր վճարված են։ Թող գան ստուգեն, տեսնենք` ինչ կգտնեն»,– ասաց Օհանյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 4 օր առաջ էր այցելել Ռանչպար գյուղ, այսօր լրատվամիջոցների հանդիպմանը հայտարարեց, որ Վերահսկողական ծառայությանը հանձնարարել է այցելել գյուղի ավազահանք և ստուգումներ կատարել այնտեղ, քանի որ այդ օրն է իմացել, որ ավազահանքի սեփականատերերը նախկին պաշտոնյաներ են։ «Եթե պայմանագրերում կլինեն խախտումներ, դրանցով ձեռք բերված հողերը կվերադարձվեն պետությանը»,– ասաց վարչապետը։

Ռանչպարի «նիսյայի» տետրն ու վարչապետի այցի առեղծվածը. գյուղում զարմացած են`ինչո՞ւ Ռանչպարը

Ռանչպարի գյուղապետը չի հերքում, որ ինքն ավազահանքի սեփականատերն է։

«Եթե ունեի նման հնարավորություն, չանեի՞, ձեռքերս ծալած նստեի»,– ասում է գյուղապետն ու հավելում, որ իր բիզնեսի շնորհիվ գյուղում որոշ աշխատատեղեր է ստեղծել, գյուղացիներին իր անձնական միջոցներով բարեգործություն արել, գյուղում որոշ ծրագրեր իրականացրել։

Ինչ վերաբերում է ավազահանքի մեկ այլ սեփականատիրոջը` նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, գյուղապետը չի հերքում, որ Սարգսյանն իր խնամին է, նրա դուստրն էլ իր որդու կինն է։ Բայց հանքավայրում խնամու բաժնեմասի մասին խոսել չի ցանկանում։

Հիշեցնենք` մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել էր Արարատի մարզի Ռանչպար համայնք, որտեղ գյուղացիները բողոքել էին, որ գյուղին կից ավազի հանքն ապօրինի զավթել է գյուղի արոտավայրերը, իրենք էլ զրկվել են անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից։ Գյուղացիները վարչապետին նաև հայտնել էին, որ հանքի սեփականատերերն իրենց գյուղապետն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն են։