Քաղաքացիները թափանցիկություն են պահանջում մեզանից, իսկ մենք` նրանցից. վարչապետ

Եթե բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, պետությունը կկարողանա հասկանալ, թե ով նպաստի կարիք ունի և ով որքան հարկ է վճարելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրումը կարևոր է պետական կարիքների համար։ Այդ մասին երեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նստած չէ. հարցին պատասխանում է Նիկոլ Փաշինյանը

Հասկանալու համար, թե ով ինչով է ապրում, պետք է անցնել եկամուտների հայտարարագրման։ Գործնականում դա կարող է առաջացնել քաղաքացիների անհանգստությունը, հատկապես ոչ ունևոր։ Դժվար է համոզել նրանց, որ պետք է հարկ վճարեն ամսական 100-200 դոլարից, որը ստանում են Ռուսաստանից:

«Իհարկե, մեր գործողությունները մենք մանրամասն քննարկում ենք հասարակության հետ։ Այդ նախագիծը նույնպես կքննարկենք։ Ինչ վերաբերում է հայտարարագրմանը, ապա հայտարարագրում դեռ չի նշանակում հարկում, որովհետև հնարավոր է մենք հայտարարագրում ենք ամեն ինչ, բայց ամեն ինչ չի, որ հարկվում է։ Երբ քաղաքացին կառավարությունից պահանջում է լինել թափանցիկ, կառավարությունը իրավունք ունի ակնարկել, որ ինքն էլ քաղաքացուց է ակնկալում, որ նա լինի թափանցիկ», – ասաց Փաշինյանը։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման գաղափարն արդեն մի քանի ամիս քննարկվում է Պետեկամուտների կոմիտեում։

Այն խթանելու համար առաջարկվում է խանութներում գնումներ անել ID քարտերով։ Իսկ որպես խթան` առաջարկվում է դրանց մի մասը վերադարձնել (օրինակ, ամսական կամ տարեկան գնումների ծավալի 1-2 տոկոսը)։