Պարգևավճար ստացել են, բայց ոչ մարտի 8-ին. Առողջապահության նախարարության պարզաբանումը

Հանրությունը շարունակում է ուշիուշով հետևել պետական կառավարման համակարգում պարգևավճարների բաշխման գործընթացին։ Առողջապահության նախարարի խոսնակն արձագանքել է մամուլում հայտնված փաստերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Առողջապահության նախարարության աշխատակիցները ստացել են պարգևատրումներ՝ ղեկավարվելով վերը նշված օրենքներով և ՀՀ գործող իրավակարգավորումներով: Իր ֆեյսբուքյան էջում, արձագանքելով մամուլի հրապարակումներին, գրել է նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Ինչո՞ւ ուսուցչի աշխատավարձը չի բարձրանում, կամ ո՞վ գիտի պարգևավճար ստացած մանկավարժի տեղը

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց պարգևատրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդից, աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից, տվյալ մարմնի նյութական խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներից աշխատանքների փորձարարական կազմակերպման համար օպտիմալացված միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից»,– գրում է Նիկողոսյանը:

Թե ինչ ծավալի պարգևատրում են ստացել նախարարության աշխատակիցներն ու ինքը` նախարար Արսեն Թորոսյանը, Ալինա Նիկողոսյանը չի հայտնում` հիշեցնելով միայն, որ կառավարության անդամի վարձատրության չափը սահմանվում է «Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքով։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, նախարար Թորոսյանը շուրջ 2.5 մլն դրամ պարգևավճար է ստացել։ Ըստ հրապարակման` նախարարն իրեն ու իր աշխատակիցներին պարգևատրել է մարտի 8-ի առիթով։