Ո՞վ է վերջապես Հայաստանի առաջին տիկինը. Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Ո՞ւմ կինն է առաջինը` նախագահի՞նը, թե՞ վարչապետինը։ Փաշինյանն անսպասելի, բայց տրամաբանական պատասխան տվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Յուրաքանչյուր հայաստանցի տղամարդու համար առաջին տիկինն իր կինն է, և յուրաքանչյուր հայաստանցի կնոջ համար առաջին պարոնն իր ամուսինն է, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ով է վերջապես ՀՀ առաջին տիկինը։

«Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ սա ինչ քննարկում է՝ Հանրապետության առաջին տիկնոջ, Հանրապետության առաջին տղամարդու։ Նման քննարկումներ կան։ Մի ժամանակ էլ քննարկում կար... Հանրապետության միակ տղամարդու քննարկումից պրծանք, հիմա էլ Հանրապետության միակ կնոջ քննարկում ենք սկսել։ Սա ի՞նչ թեմա է ընդհանրապես», - ասաց վարչապետը։

Փաշինյանը մաղթեց, որ բոլոր նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց առաջին տիկիններին ու առաջին պարոններին, երջանիկ ընտանիքներ ձեւավորել։

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն Արցախում. այն, ինչ մնացել է պաշտոնական լրահոսից դուրս

Վարչապետը խոսեց նաև իրեն սպասարկող ծառայողական մեքենային և ուղղաթիռին։

«Այդ ուղղաթիռը, որը վարչապետի ծառայողական ուղղաթիռն է, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Սա նշանակում է հետևյալը. որպեսզի այդ տեխնիկան չվերածվի մետաղի ջարդոնի, ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այն պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է իրեն սպասարկող ծառայողական մեքենային, ապա վարչապետը նշեց, որ այն 2008 թվականին գնվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկելու համար, բայց վերջին 3 տարիներին չի օգտագործվել, քանի որ համարվել է ոչ պիտանի։

«Կա նաև BMW ավտոմեքենա, որը գնվել է 2004 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի համար։ Հիմա հեծանիվով եմ գնում աշխատանքի, ասում են՝ վայ հեծանիվով է գնում, ոտքով եմ գնում՝ ասում են՝ պոպուլիստ է», - կեսկատակ–կեսլուրջ ասաց Փաշինյանը։