ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը ժամեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը:
Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները:
Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովի շրջանակում: