Ինչո՞ւ են փոխվել մարտի 1–ի պարկուճները. Փաշինյանը գիտի պատասխանը

Նիկոլ Փաշինյանը բացառում է ՀՀ 2–րդ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սցենարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Մարտի 1-ի պարկուճները, որոնք դեպքի օրը հայտնաբերվել էին դեպքի վայրում, փոխված են։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Մարտի 1-ի գործին։

Մարտի 1-ի ողբերգության 11-րդ տարելիցի հիշատակին բազմաթիվ մարդիկ էին դուրս եկել երթի

«Ինչո՞ւ են փոխվել այդ պարկուճները, որովհետև դրանք կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով։ Հակառակ դեպքում` ինչ իմաստ ուներ փոխելու այդ պարկուճները»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ չբացառելով, որ դա արվել է բանակի մասնակցությունը թաքցնելու համար։

«Սա նշանակում է, որ քննչական մարմինը իմացել է, թե ովքեր են եղել կրակողները»,– ասաց վարչապետը` կոչ անելով ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր ինչ-որ բան գիտեն այդ գործի մասին, գալ ու հայտնել` օգնելով գործի բացահայտմանը։

«Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ... իսկ հնարավորությունը կար, համատեքստը կար, ժամանակը կար»,– ասաց Փաշինյանը` պատասխանելով ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին հնչող մեկնաբանություններին, թե դա հաշվեհարդար է նախկին նախագահի ու նրա ընտանիքի նկատմամբ։