ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Այնպես չէ, որ բերում են քարտեզը, ես խաչ եմ քաշում սրճարանների վրա։ Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման հարցում հնարավոր անձնավորված մոտեցումների մասին հարցին։
Լրագրողը նշեց, որ ապամոնտաժված սրճարաններից երկուսը պատկանում էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին ու գործարար Սամվել Ալեքսանյանին։
«Որքան ես տեղյակ եմ, դա իրավական ձևակերպումների խնդիր է։ Գիտեմ, որ երբ քաղաքապետարանը հնարավորություն է ունեցել լուծել պայմանագիրը միակողմանի, լուծել է, այլ դեպքերում դիմել է դատարան»,– ասաց Փաշինյանը` վստահեցնելով, որ երբ իրավական հնարավորությունը լինի մյուս սրճարաններն էլ կապամոնտաժվեն։
«Ես արդեն ասել եմ` նույնիսկ, եթե իմ հարազատ եղբոր սրճարանը լիներ, պիտի քանդվեր»,– ասաց վարչապետը։
Հիշեցնենք` մարտի 13–ից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժում է օպերայի տարածքի որոշ սրճարաններ։