«Դատարան չեմ դիմի». քաղաքապետը հանգստացրեց ավագանու ընդդիմադիր անդամին

Քաղաքապետարանում բյուջեի հաշվետվության քննարկումը բուռն է անցել, սակայն քաղաքապետի և ընդդիմադիրների բանավեճը ժամանակ առ ժամանակ ընդհատվել է ուրախ երկխոսություններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Երևանի ավագանու նիստն այսօր անցել է բավական բուռն, բայց անկաշկանդ մթնոլորտում։ Ժամանակ առ ժամանակ «Լույս» ընդդիմադիր և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների միջև փոքր «բախումներ» են տեղի ունեցել, որոնք ավարտվել են ուրախ քրքիջով։

Քննարկվում էին 2018 թվականի բյուջեի հաշվետվությունը և մայրաքաղաքի զարգացման հարցերը։

Իմ հարազատ եղբոր սրճարանն էլ լիներ, պիտի քանդվեր. Փաշինյանը` ապամոնտաժման մասին

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը հարցրել է` արդյո՞ք ընթացիկ տարվա բյուջեն ձևավորելիս հաշվի է առնվել օպերայի հարակից տարածքի «չարաբաստիկ» կանաչապատման հարցը։ Սրան արձագանքել է քաղաքապետ Հայկ Մարությանը, նա դիտողություն է արել Վարդանյանին`նշելով, որ կանաչապատումը չարաբաստիկ լինել չի կարող։

«Ինչպես ճիշտ նկատեց քաղաքացիներից մեկը, ամբողջ աշխարհում պետությունը գրավում է կանաչ տարածությունները, իսկ ՀԿ–ները փորձում դրանք փրկել, մեզ մոտ հակառակն է։ Կանաչապատումը բարի և ուրախ գործընթաց է», – նշել է քաղաքապետը։

Վարդանյանը առարկել է նրան` նկատելով, որ կանաչապատման ծավալները չեն կրճատվել, սակայն բյուջեն կրճատվել է։ Նա կարծում է, որ տարեվերջին քաղաքապետն ամեն դեպքում կընդունի իր սխալ լինելը։

«Ինձ հետ կարող եք հանգիստ խոսել, ձեզ դատի չեմ տալու», – կատակել է Մարությանը։

«Լույս» խմբակցության մեկ այլ անդամ `Դավիթ Խաժակյանը, նույնպես սխալ համարեց կանաչապատման ծախսերի կրճատումը։ Նրա պնդմամբ` քաղաքապետարանը կրճատում է ամեն հնարավոր ու անհնար բան։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ ավագանու նիստերի ժամանակ կրճատել են ջրի ծախսերը։ Քաղաքապետն արձագանքել է սրան և նրան ջրով իր բաժակն առաջարկել։ Խաժակյանը սիրով համաձայնել ու խմել է այն։

«Ջուրը` փոքրինն է», – հայտարարել է քաղաքապետը։

Նշենք, որ շրջակա միջավայրի պահպանության համար 2018 թվականին 2 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար էր հատկացվել, 2019 թվականին նույն ծախսերի համար նախատեսվում է ուղղել շուրջ 1,7 մլրդ դրամ։