Առաջին թռչող մոտոցիկլետը պատրաստ է. տեսանյութ

Թռչող մոտոցիկլետի փորձարկումներն ավարտվել են. տրասնպորտային միջոցը կարողանում է և՛ ճանապարհով սլանալ, և՛ երկնքով թռչել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Lazareth Auto-Moto ֆրանսիական ընկերությունն ավարտել է իր թռչող մոտոցիկլետի առաջին փորձարկումները։ Այս մասին հայտնում է New Atlas–ը։

Ընկերությունը նախագիծն առաջարկել էր դեռևս անցյալ տարվա վերջին։ Շատերը մտահղացմանը վերաբերվել էին թերահավատությամբ, բայց Lazareth ընկերությունը հրապարակել է մի տեսանյութ և ապացուցել, որ իր նախատիպն իսկապես կարողանում է օդ բարձրանալ։

Ընկերության ներկայացուցչի խոսքով` նոր տրանսպորտային միջոցը կարելի է վարել ճանապարհներին, իսկ հետո կանգ առնել որևէ հարմար, հորիզոնական հատվածում և, ընդամենը մեկ կոճակ սեղմելով, ակտիվացնել մոտոցիկլետի մյուս ռեժիմը, որը թույլ կտա վարորդին «ճախրել» երկնքում։ Թռչող ռեժիմը գործարկելու համար անհրաժեշտ է սպասել 60 վայրկյան, որից հետո հնարավոր կլինի հետևում թողնել խցանումները։

Աշխատակիցներն իրենց «զավակին» անվանել են Lazareth LMV 496 և զինել են 4 տուրբինով, որոնք միասին 1300 ձիաուժ հզորություն ունեն։ Մոտոցիկլետը 140 կիլոգրամ քաշ ունի։

Թռչող մոտոցիկլետն իր ուղևորին արդեն կարողանում է 1 մետր բարձրացնել։ Lazareth ընկերությունը նոր մոդելը կներկայացնի 2019 թվականի հոկտեմբերի սկզբին Դուբայում կայանալիք Gitex ցուցահանդեսի ժամանակ և նախնական պատվերների համար կսահմանի մոտավորապես 560 000 դոլար արժեք։