Ո՞ւմ հետ կապրի Յուլյա Նաչալովայի դուստրը. տատն ու պապը թոռանը չեն ասել մոր մասին

Երգչուհի Յուլյա Նաչալովայի և ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի դուստրը վերջին տարիներին ժամանակը հավասարապես անցկացնում էր հոր և մոր մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովայի մահից հետո նրա դուստրը` Վերա Ալդոնինան, կտեղափոխվի հոր` ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինի մոտ։

38 տարեկան Նաչալովան մահացավ մարտի 16-ին Մոսկվայի հիվանդանոցներից մեկում։ Նրա դուստրը 12 տարեկան է։

Дни.ру –ն գրում է` տատն ու պապը աղջկանից թաքցրել են, որ մայրը ծանր հիվանդ է։ Հիմա էլ չգիտեն` ինչպես ասեն մոր մահվան մասին։ Երբ Նաչալովան հիվանդանոցում կյանքի ու մահվան պայքար է մղել, Վերան դասարանցիների հետ մեկնել է մրցումների։ Վերջերս պարբերականին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իրեն չի խանգարել մոր ճանաչված լինելը։

«Մայրս երբեմն նույնիսկ գալիս է ծնողական ժողովների, և բոլոր ուսուցիչներն ու դասարանցիներս նորմալ են արձագանքում, թեև երբեմն խնդրում են ինքնագիր բերել»,– խոստովանել է Վերան։

Յուլյա Նաչալովան երկու անգամ է ամուսնացել։ Նրա առաջին ամուսինը երաժիշտ Դմտրի Լանսկին էր, երկրորդը` ֆուտբոլիստ Եվգենի Ալդոնինը։ Վերան ծնվել է երկրորդ ամուսնությունից։

38 տարեկան երգչուհին մահացավ սրտի անբավարարվածությունից, ինչը թոքերի և ուղեղի այտուցի հետևանք էր։ Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` մահը վրա է հասել հետվիրահատական բարդություններից հետո։