Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր։ Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի հարցը

«Հանդիպումը տեղի է ունեցել ԿԽՄԿ պաշտպանության գործառույթների համակարգող Զուրաբ Բուրդուլիի՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: Կողմերն անդրադարձել են նաև 2018թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած և փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ճակատագրին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք նաև, որ կողմերը կարևորել են Երևանում և Բաքվում Կարմիր Խաչի գրասենյակների համակարգված աշխատանքը` Կարեն Ղազարյանի կանոնավոր տեսակցությունների և ընտանիքի հետ նամակագրության ապահովման նպատակով:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 34-ամյա Կարեն Ղազարյանը նախորդ տարվա հուլիսի 15-ին էր հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել «սահմանին Հայաստանի ԶՈՒ հետախուզադիվերսիոն խմբի հարձակման կանխման», ինչպես նաև 1984 թվականի ծնված հայ զինծառայող Կարեն Ղազարյանի գերեվարման մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել Հայաստանի ԶՈՒ շարքերում:

2019թ.–ի փետրվարի 27–ին Ադրբեջանի դատարանը ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։