Ինչպե՞ս վարվել նպաստառու վարկատերերի հետ, կամ վարկ մարելը դեռ ապահովության չափանիշ չէ

Երևի շատ քիչ հայրենակիցներ կան, որ վարկային պատմություն, այսինքն՝ վերցրած, մարած կամ մարվող վարկ չունենան: Այդ հայրենակիցների շարքերում կան նաև այնպիսիք, որ անապահովության նպաստ են ստանում: Արդյո՞ք վարկ մարելու հնարավորությունը կարելի է դիտարկել որպես նրանց նպաստից զրկելու հիմնավոր պատճառ:
Sputnik

Անապահովության նպաստի և վարկեր մարելու հնարավորության զուգահեռումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառում-հարցադրումից եկավ։

Օրերս, իսկ ավելի ստույգ՝ մարտի 15-ին ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս 11 281 նպաստառու ամեն ամիս 100 հազար և ավել դրամի չափով վարկ է փակում: Նշված 11 281 քաղաքացիներին նպաստ տրամադրելու համար պետությունը տարեկան հատկացնում է մոտ 4,5 մլրդ դրամ, իսկ օրինակ, զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան կպահանջվի 9 միլիարդ դրամ:

«Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11 հազար 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՞ ոչ»,–հարցրել էր վարչապետը:

Հայաստանում նպաստառու դառնալու համար պատրաստ են նույնիսկ ամուսնալուծվել. Սոֆիա Հովսեփյան

Առաջին հայացքից, իհարկե, մեծ է զգացմունքներին տրվելու և «պետք է զրկվեն»-ով պատասխանելու գայթակղությունը: Այսինքն` կլինեն հայրենակիցներ, որ հենց այդ տրամաբանությամբ կմոտենան հարցադրմանը ու կպատասխանեն՝ բա իհարկե, եթե մեկը կարողանում է ամեն ամիս 100 հազար կամ ավելի չափով վարկի տոկոս մարի, ապա ինչո՞ւ պիտի պետությունից անապահովության նպաստ ստանա:

Բայց ամեն ինչ այդքան պարզ ու միարժեք չէ, ավելին՝ կան էական նրբերանգներ:

Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նախ ընդգծեց, որ անապահովության գնահատման անուղղակի մեթոդների կիրառումը թույլ չի տալիս ստանալ օբյեկտիվ պատկեր: Իսկ վարկային տոկոսների սպասարկման տվյալների հետ համադրումը հենց այդ՝ անուղղակի գնահատման մեթոդների շարքում է:

«Չի կարելի ասել, որ եթե տվյալ նպաստառու ընտանիքում կա անդամ, որ վարկ է վերցրել և այդ վարկը կարողանում է մարել, մուծումներ կատարել, ուրեմն այդ ընտանիքն այլևս անապահով չէ: Շատ անուղղակի և մոտավոր գնահատական կլինի դա, և կարծում եմ, համատարած կիրառել այդ մոտեցումը և որոշակի թվով ընտանիքների դուրս թողնել ընտանեկան նպաստի համակարգից,  քիչ դեպքերում կարող է արդարացի լինել: Մենք չենք կարող թացը չորին խառնել, և անուղղակի ֆիլտրը տարածել բոլորի վրա: Հնարավոր է դրա արդյունքում իրապես անապահով ընտանիքներ տուժեն և ավելի խորը ընկղմվեն անապահովության ճիրաններում»,-առաջարկվող հարցադրման վերաբերյալ նկատեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Հիմա ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ. Փաշինյանը հարց է ուղղել Facebook–ում

Նա, բավականին տեղին խորհուրդ տվեց նրբորեն ու համակողմանի մոտենալ խնդրին: Առավել ևս, որ յուրաքանչյուր նպաստառու ընտանիքի դեպքում կարող են բազմաթիվ երանգներ լինել, որոնք ընդհանարական մոտեցման դեպքում տեսանելի չեն: «Այստեղ շատ նուրբ պետք է մոտենալ, որովհետև անուղղակի գնահատման գործիքներն իմպերատիվ և միանշանակ սուր ձևով կիրառելը կարող է մի շարք խնդիրներ հարուցել: Դժվար է ասել՝ այս փուլում դա ավելի շատ խնդի՞ր կլուծի, թե՞ կառաջացնի»:

Մեր կողմից հավելենք, որ հարց է նաև, թե ինչպե՞ս կարող են ֆինանսական կազմակերպությունները վարկ տրամադրել նպաստառու ընտանիքներին: Բոլորն էլ գիտեն, որ բանկից վարկ վերցնելու հայտ ներկայացրած քաղաքացին նաև տվյալներ է ներկայացնում իր եկամուտների վերաբերյալ, ինչը հաշվի է առնվում հայտը բավարարել-չբավարարելու առումով: Մյուս կողմից, հիմա, երբ որտեղ ասես և ով ասես վարկային միջնորդի դերում է հանդես գալիս, հնարավոր է և այն տարբերակը, որ նպաստառու ընտանիքը մի հատ էլ վարկային բեռի տակ մտնի:

Բայց պետք է փորձել հասկանալ նաև, թե ի՞նչ վարկեր են դրանք, ինչի՞ համար: Իսկ եթե մարդը, նպաստառու լինելով հանդերձ, վարկ է վերցրել երեխայի ուսման վարձի՞ համար, իսկ եթե առողջական խնդիրնե՞ր է ունեցել լուծելու և դրա համար է վարկային բեռի տակ մտել: Իսկ միգուցե ձմեռային կոմունալ վճարները մուծելո՞ւ: Այնքան տարբերակներ կան, որ էլ չասած:

Այնպես որ, նպաստառուների գոտիները ձգելու փոխարեն, թերևս շատ ավելի տեղին կլինի մտածել տնտեսությունն աշխուժացնելու լծակների մասին: