Հայաստանի գյուղերում կբացվեն գաստրոբակեր. ՌԴ–ն օգնում է զարգացնել մեր ագրոզբոսաշրջությունը

Փոքր Վեդի գյուղում զբոսաշրջային սեզոնին կսկսի գաստրոբակ գործել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում զբոսաշրջային սեզոնին կսկսի գործել Մնացականյանների ընտանիքի գաստրոբակը, որը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ծրագրի համակարգող Արման Վալեսյանը։

Անտառային հրդեհներ և լավ սարքավորում. Ռուսաստանն օգնում է Հայաստանին աղետի դեմ պայքարում

«Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրն ուղղված է Հայաստանի 60 համայնքներում զբոսաշրջության զարգացմանը։ Այն իրագործվում է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի շրջանակում` Ռուսաստանի ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը կկազմի երեք միլիոն դոլար։

Գաստրոբակը գտնվում է Երևանից 40 կմ հեռավորության վրա և լավ վայր է, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղի ավանդական ճաշատեսակները, շփվել բնակիչների հետ և ծանոթանալ ավանդույթներին, կարծում է ծրագրի համակարգողը։

«Մենք ուսումնասիրել են ավելի քան 950 գյուղեր, նախանշել ծրագրի իրագործման ուղղությունները` գաստոբակերի, գինու բակերի ստեղծում, բնապահպանական և հնագիտական երթուղիներ։ Մենք հենց այդ ուղղություններն ենք գերակա համարում ագրոզբոսաշրջության զարգացման համար», – ասաց Վալեսյանը։

Ծրագրի համակարգողը նշեց, որ ՄԱԶԾ–ն ծրագրի շրջանակում ոչ միայն օգնում է հիմնել և ընդլայնել բիզնեսը, այլ նաև օգնում է մարքեթինգի, ծառայություններ մատուցելու և արտադրանքը վաճառելու հարցում։ Ծառայությունը բարելավելու համար անցկացվում են սեղանը սպասքավորելու և զբոսաշրջային այլ ծառայությունների վարպետության դասընթացներ։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին նշեց, որ ռուսական կողմը կարևոր է համարում իր մասնակցությունը միջազգային զարգացման աջակցության գործում։