ԱԱԾ–ն երաշխավորում է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու ընտանիքի անվտանգությունը մեզ մոտ

Այցի ընթացքում արձանագրվել է, որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին, ով գտնվում է հիվանդանոցում:

Ինչպես տեղեկացնում են պաշտպանի գրասենյակից, Արման Թաթոյանի հետ առանձնազրույցի ընթացքում Է. Իբրահիմովը ցանկություն է հայտնել հանդիպելու իր ընտանիքի անդամներին՝ որդուն, հորը, մորը, եղբորն ու քրոջը կամ խոսելու նրանց հետ և խնդրել է Պաշտպանի աջակցությունը այդ հարցում:

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն փորձում է տեսակցել Կարմիր խաչը. հարուցվել է քրգործ

Արման Թաթոյանը հարցը քննարկել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ՝ հաշվի առնելով ընտանիքի հետ կապի կարևորությունը: Ծառայությունը պատրաստակամություն է հայտնել ապահովելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի շփումը վերջինիս ընտանիքի անդամների հետ՝ թղթային, հեռախոսային կամ տեսաձայնային կապի միջոցներով: Ավելին, ԱԱԾ–ն պատրաստակամություն է հայտնել նաև կազմակերպելու Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովի և նրա ընտանիքի անդամների հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում և երաշխավորելու նրանց անվտանգությունը երկրում:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է իր լիազորությունների սահմաններում աջակցելու Է. Իբրահիմովի ընտանիքի հետ նրա կապի, այդ թվում՝ հանդիպման կազմակերպմանը»,–ասված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանի այցին ներգրավվել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Ուսումնասիրվել են Է. Իբրահիմովի առողջական վիճակն ու նրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը բավարար է, հիվանդանոց է ընդունվել աջ ստորին վերջույթի սրունքի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով: Հիվանդանոցային պայմաններում իրականացվել է նրա ստորին վերջույթի վրա առկա վերքերի առաջնային վիրաբուժական մշակում և արտաօջախային օստիոսինթեզ:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն և նրան նշանակվել է ռենտգեն հետազոտություն` բուժման արդյունավետ ընթացքն ապահովելու նպատակով:

Էլվին Իբրահիմովի գործին ներգրավված է փաստաբան Հայաստանի հանրային պաշտպանի գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանի այցի պահին փաստաբանն արդեն ունեցել էր հանդիպում Է. Իբրահիմովի հետ, պարզաբանել նրան իր իրավունքները և ներկայացրել հարուցված քրեական գործի հետ կապված հանգամանքները:

Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ

Առանձնազրույցի ավարտին Պաշտպանը Էլվին Արիֆ օղլու Իբրահիմովին է տրամադրել Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան՝ ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի Սահմանադրությունը՝ անգլերեն և ռուսերեն լեզուներով:

Է. Իբրահիմովին պարզաբանվել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է անմիջականորեն զանգահարել Պաշտպանի աշխատակազմի թեժ գծի 116 հեռախոսահամարին, որն ակտիվ է 24 ժամ՝ անկախ աշխատանքային օրերից:

Այցի ավարտից հետո Հայաստանի Օմբուդսմանը խոսել է նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Նրան է ներկայացրել տեղեկությունները Էլվին Իբրահիմովի առողջական վիճակի, ինչպես նաև ընտանիքի հետ նրա կապի ապահովման պատրաստակամության մասին:

Հիշեցնենք` Էլվին Հիբրագիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է:

Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Հիբրագիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: