104 բնակարան և 92 ավտոկայանատեղի. նորակառույց շենքի բացմանը մասնակցել է նաև վարչապետը

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանում կայացել է «Գրանդ Հոլդինգ» ընկերության կառուցած բնակելի շենքի բացման արարողությանը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, բացման արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչու՞ են աճում անշարժ գույքի գները. բնակարանային խնդիրը Հայաստանում կրկին արդիական է

Շենքը կառուցվել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ ընդգրկված ձեռնարկությունների աշխատակիցների բնակարանային խնդիրների լուծման համար:

Կառավարության ղեկավարը շրջել է շենքի բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակարանամուտ տոնած քաղաքացիներին: 

Բագրատունյաց 47/2 հասցեում գտնվող շենքում առկա է մեկից մինչև չորս սենյականոց 104 բնակարան և 92 ավտոկայանատեղի: Շենքի շինարարության համար ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ այցելել է նորակառույց շենքին հարակից անմխիթար վիճակում գտնվող շենքերից մեկը, զրուցել բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ առաջիկայում բնակիչներին կընդունի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարն ու կքննարկեն շենքի խնդիրների համատեղ լուծման հնարավորություններն ու տարբերակները: