ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Սևանա լճի մակարդակն ընթացիկ տարվա մարտի 15-ին դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցածր է մնում 4 սանտիմետրով: Այս մասին «Արմենպրեսը» տեղեկացել է ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից: Այսպիսով, 2019-ի մարտի 15-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 46 սանտիմետր նիշի փոխարեն:
«Էկոլուր» ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ 2018-ին օրենքով սահմանված 170 միլիոն խմ-ից բացի. Սևանից հավելյալ 40 միլիոն խմ ջրառ իրականացվեց, որի հետևանքով էլ այժմ գրանցվել է բացասական բալանս:
Նրա խոսքով՝ Սևանա լճի մակարդակը շարունակում է շուրջ 3 մետրով ցածր լինել, քան թույլատրելի սահմանն է: «Սևանա լճի բացասական բալանսը շատ վատ է ազդում լճի էկոհամակարգի վրա, մենք իրավունք չունենք այս բալանսն ունենալու: Այս պատկերը չունենալու համար առաջին հերթին պետք է ջրառ չկատարեն, բացի այդ պետք է գործի Արփա-Սևան թունելը: Ինչ ենք մենք տեսնում՝ թունելը չի գործում, իսկ ջրառի հետ կապված դեռ ոչինչ չեմ կարող ասել: Արփա- Սևան թունելի կառուցումն, օրինակ, կարող է համարվել Սևանա լիճը փրկելու շտապ միջոցառում, քանի որ հին և ոչ պիտանի ջրատարների պատճառով մենք ջրային պաշարների մեծ կորուստ ենք ունենում»,-ասաց Զառաֆյանը:
Նրա խոսքով՝ Սևանա լճի մակարդակի բարձրացումը կարող է որոշակի լուծում դառնալ նաև ջրի աղտոտվածության դեմ պայքարում: Ըստ Զառաֆյանի՝ Սևանը կոմունալ ջրերով շարունակում են բուռն ձևով աղտոտել դրա շուրջը կառուցված օբյեկտները, որոնք միայն մեխանիկական մաքրում են ապահովում: «Բացի այդ, մենք ունենք նաև շատ մեծ թվով հանքավայրեր, հորեր, օրինակ` Սոթքի հանքավայրը, որը նույնպես ջրի աղտոտման պատճառներից մեկն է: Սևանա լճում ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությունը, չնայած համարվել էր բնապահպանական միջոցառում, սակայն իրականում այն հակաբնապահպանական է: Սրա վերաբերյալ աղաղակում էինք բոլորս, սակայն որևէ արդյունք չունեցանք, այն շարունակում է իր բացասական ազդեցությունը թողնել լճի էկոհամակարգի վրա»,-ասաց Զառաֆյանը:
Նշենք, որ ցանցավանդակային եղանակով ձկնաբուծությունն իրականացվում է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռ 2012թ.-ին:
Զառաֆյանի հավաստմամբ՝ այս պահին Սևանը փրկելու հնարավորությունը մեկն է՝ բարձրացնել ջրի մակարդակն այնքանով, որ մաքուր ջրի հաշվին այդ աղտոտվածությունն այդքան չազդի էկոհամակարգի վրա: Մյուս կողմից, բնապահպանի կարծիքով, մենք չունենք Սևանը փրկելու շտապ միջոցառումների ծրագիր, մեր ունեցած ծրագրերը երկարաժամկետ են: «Շտապ միջոցառումների թվին կարող է դասվել, օրինակ, պլաստիկի արգելումը Սևան լճի շրջանում կամ մաքրման կայանների կառուցումն ու անօրինական օբյեկտների ապամոնտաժումը»,-ասաց Զառաֆյանը:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարությունը դեռ 2001-ին ձեռնարկել էր մի շարք միջոցառումներ՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ուղղությամբ, որոնցից ամենաառաջնահերթ և անհետաձգելին հնարավորինս սեղմ ժամկետում լճի մակարդակի բարձրացումն էր առնվազն 6 մետրով՝ այն հասցնելով 1903.5 մ բարձրության նիշի։ Սա այն նվազագույն շեմն էր, որի դեպքում լիճը կարող է գոյատևել՝ առանց էկոլոգիական աղետալի գործընթացների հետագա զարգացման:
Կառավարությունը Սևանա լճի մակարդակը 1903.5 մ բարձրության հասցնելու վերաբերյալ անգամ օրինագիծ է մշակել՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու ծրագրերը հաստատելու մասին», սակայն Սևանա լճի մակարդակը շարունակում է անհրաժեշտ նիշից ցածր մնալ:
Հավելենք նաև, որ վերջին 10 տարիների ընթացքում Սևանա լճից հավելյալ ջրառ է իրականացվել 5 անգամ: