Նիկոլ Փաշինյանը «պետական բոլոր մարմիններին հանձնարարական» է տալիս բանաստեղծությամբ

Իր գրած բանաստեղծությանը Փաշինյանը նկարագրել է որպես զրույց մարդկանց հետ, նաև՝ անելիքի ամփոփ ծրագիր, հանձնարարական պետական բոլոր մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնքան է տպավորվել Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած իր այցից, որ իր հույզերն արտահայտել է չափածո ստեղծագործությամբ։

Այս մասին Փաշինյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Փաշինյանի անակնկալը ստացվեց. գյուղացիները դժգոհում են, գյուղապետը` արդարանում

«Այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետևություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ` մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաև՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաև հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»,–գրել է վարչապետը:

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ,

Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Մեր երազի թևով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,

Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝

Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես

Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,

Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,

Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,

Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,

Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,

Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,

Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,

Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,

Տառապանքի մութ հատակից այս անողոք,

Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։

Հիշեցնենք, որ երեկ` մարտի 16–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ այցելել է Արարատի մարզի Ռանչպար գյուղ և շփվել գյուղացիների և համայնքի ղեկավարի հետ։