ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր այցելել է Գյումրի և հյուրընկալվել Մայր Աթոռի կողմից բնակարաններ ստացած ընտանիքներից մեկին։
Ինչպես տեղեկացնում է Մայր աթոռի մամլո դիվանը, Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նորին Սրբությունը հետաքրքրվել է Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով և մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով:
Վեհափառ Հայրապետն այցելել է նաև «Թռչունյան տուն» դպրոց և երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ:
Նորին Սրբությունը եղավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու Հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպեց տարբեր խմբակներում ուսանող պատանիների և մանուկների հետ` նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:
1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր և հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:
Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերը, Գերմանիայի և Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը և Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունը:
Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անակնկալ այցելել է բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին: Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց ընտանիքի անդամներին և նրանց հանձնեց բնակարանի վկայականը:
Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ և այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար-սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված Մանուկյան ընտանիքի բարօր և խաղաղ կյանքի համար:
Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի և եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին: