ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik. Facebook սոցցանցի ադմինիստրացիան 1.5 մլն տեսագրություն է հեռացրել, որոնցում արձանագրվել է Քրայսթչերչի հրաձգությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Նոր Զելանդիայում ընկերության ներկայացուցիչ Միա Գարլիկի հայտարարությանը։
«Առաջին 24 ժամվա ընթացքում մենք հարձակման վերաբերյալ 1.5 մլն գրառում ենք հեռացրել ամբողջ աշխարհով մեկ, որոնցից 1.2 մլն–ը արգելափակվել են վերբեռնման ընթացքում», – գրված է Գարլիկի հայտարարության մեջ։
Նրա խոսքով` Facebook–ը շարունակում է աշխատել շուրջօրյա` սոցցանցից համապատասխան բովանդակությամբ գրառումները հեռացնելու համար, այդ թվում նաև տեսանյութի խմբագրված այն տարբերակները, որտեղ բռնության տեսարաններ չեն երևում։
Հիշեցնենք` Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում մարտի 15-ի վաղ առավոտյան հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ էին մահացել։ Հրաձիգներից մեկը` Բրենտոն Տարանտը, ավստրալիական ծագում ունեցող 28-ամյա տղամարդ է, նա 17 րոպե իր սոցցանցում տեսահեռարձակել է, թե ինչպես է մզկիթում գնդակահարում մարդկանց։ Տեղի ունեցածից առաջ նա 37 էջանոց ուղերձ է գրել, որում պարզաբանել է` ով է ինքը և ինչու է կրակ բացել մզկիթում։ Ուղերձում նա հայտարարել է, որ դա «ահաբեկչական հարձակում է»։ Հարձակման հետևանքով ձերբակալել են 4 կասկածյալ` 3 տղամարդ և մեկ կին։
Բրենտոնին մեղադրանքներ են առաջադրվել սպանության համար, շաբաթ օրը դատարանը նրա կալանքը հետաձգել է մինչև ապրիլի 5-ը։
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը տեղի ունեցածն ահաբեկչություն է անվանել։
Հայտնի է, որ մզկիթներից մեկում միջադեպի պահին շուրջ 300 մարդ է եղել։ Նոր Զելանդիայի Քրայսթչերչ մզկիթներում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 50-ի։